Ընդդիմադիր Կոնգրեսն իշխանություններին հորդորում է փոխել «Արտակարգ դրության մասին»՝ ընդդիմադիրների բնորոշմամբ հակադեմոկրատական ու հակասահմանադրական օրենքը։ Իշխող Հանրապետականն էլ գործընկերներին կոչ է անում քաղաքական կրքերը չբավարարել օրենսդրական փոփոխություններով։
Այսպիսի մթնոլորտում Ազգային ժողովում այսօր քննարկվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու՝ Հայ ազգային կոնգրեսի նախագիծը, որով առաջարկվում է նախագահին զրկել արտակարգ դրության ժամանակ զինված ուժեր կիրառելու հնարավորությունից: Ընդդիմադիր խմբակցությունը նախագիծը խորհրդարանի նիստում քննարկման դրեց արտահերթության կարգով, քանի որ ուրբաթ օրը Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին։
Ընդդիմադիրների հիմնական փաստարկն այն է, որ Սահմանադրության 8-րդ հոդվածի 2-րդ կետը զինված ուժերից պահանջում է քաղաքական հարցերում պահպանել չեզոքություն, իսկ 55-րդ հոդվածի 13-րդ կետը նախագահին հնարավորություն է տալիս զինված ուժերը օգտագործել հետևյալ դեպքերում. - «Պետք է լինի երեք դեպք և մի պայման. Հայաստանի Հանրապետության վրա հարձակում անմիջական, հարձակման իրական վտանգ կամ պետք է պատերազմ հայտարարված լինի։ Բայց դա դեռ բավարար չէ, պետք է նաև հայտարարվի ռազմական դրություն, հայտարարվի մասնակի կամ ամբողջական զորահավաք, նոր որոշում ընդունվի զինված ուժերի կիրառման մասին» ,- հայտարարեց ՀԱԿ պատգամավոր, Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» այս օրենքը, ըստ որի եթե արտակարգ դրության ժամանակ Ոստիկանության և Ազգային անվտանգության ուժերը չեն բավարարում, Հայաստանի նախագահը ստանում է բանակը ներգրավելու հնարավորություն, ընդունվել է 2012 թվականին։ Ջհանգիրյանի համոզմամբ՝ օրենքի ընդունումը նպատակ է ունեցել հետին թվով հիմնավորել 2008-ի մարտի 1-ին կատարվածը։
«Ընդհանրապես եթե մենք նայում ենք 2008 թվականից հետո օրենսդրական քաղաքականությունն ինչ ուղղությամբ է գնացել, ապա ուղղություններից մեկը հատկապես նա է, որ այն բոլոր ապօրինությունները, ինչը կատարվել է մարտի 1-ի նախօրեին ու դրանից հետո, նաև օրենսդիր մարմնի օգտագործման միջոցով փորձել են սրբագրել»,- նշեց նա։
«Այս օրենքն ամբողջությամբ ներառում է իշխանության պահպանման խնդիր, այն մեր անկախության օրենսդրության մեջ ամենահակադեմոկրատական օրենքն է»,- հավելեց Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը.- «Սա մեր բանակի դեմ է։ 2008-ի մարտի 1-ի զինվորներից շատ-շատերի հետ ես հանդիպել եմ, խոսել եմ, որոնք այդ օրը եղել են հրապարակում, նրանք ուղղակի սթրես են տարել, լուրջ սթրես, երբ որ գիտեն, որ իրենք զենքով են, գնում են մի տեղ, որտեղ իրենց հարազատներն են, ծնողներն են, քույրերն են։ Սա իսկապես հակամարդկային դիրքորոշում է, երբ պետությունն իր զինվորին ուղարկում է իր քաղաքացու դեմ։ Փորձեք հաղթահարել ձեզ, այս հակադեմոկրատական օրենքի այս դրույթը փորձենք հանել, մեր ժողովրդին սազական չէ»։
Կառավարությունն ու իշխող կուսակցությունը որևէ հակասահմանադրական բան չեն տեսնում օրենքում, վկայակոչում են օրենքի այն կետերն ու Սահմանադրության այն հոդվածը, որոնցով նախագահն իրավասու է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում հայտարարել արտակարգ դրություն, իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ։ Ուստի հանրապետական պատգամավորները գործընկերներին կրկին հորդորեցին՝ հակասություն եք տեսնում, դիմեք Սահմանադրական դատարան։
«Այո, օրինախախտում չպետք է լինի, բանակն անօրինականորեն չպետք է միջամտի ներքին պրոցեսներին, մյուս կողմից՝ մեր սիրելի քաղաքացիները չպետք է օրենք խախտեն։ Իմ գործընկերը նշեց սթրեսի մասին, բա սթրես կլինի, բա ի՞նչ կլինի, իհարկե, կլինի սթրես»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Խոսում ենք զենք, զորք, զինված ուժեր դուրս բերել ժողովրդի վրա, կամ նմանատիպ ձևակերպումներ... ես հասկանում եմ, որ ձեր գայթակղությունը բավականին մեծ է, ականջահաճո հայտարարությունները այլևս դարձել է ձեր գործելաոճը »,- հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հովհաննես Սահակյանը.- «Բայց չի կարելի նման կեցվածք ընդունել, որ մեր բալեքին, մեր զինվորներին հանում ենք մեր ժողովրդի դեմ։ Հանրությանը այս թիվ 1 ամբիոնից մոլորության մեջ եք գցում»։
«Ես ինձանից տարիքով փոքր գործընկերներիս հորդորները փորձում եմ լսել, բայց որ այդպես մեծի, ավագի իրավունքով ուզում են ցույց տալ ճանապարհներ, դա չեմ ընդունում»,- հակադարձեց Ջհանգիրյանը.- «Կարելի է, իհարկե, դեմ քվեարկել, կարելի է չքվեարկել, կարելի է նիստերի դահլիճում ներկա չլինել, բայց փորձել ասել՝ մածունը սև է, չի կարելի, անհարմար է։ Ես կհասկանամ, որ ձեր քաղաքական թիմը այս նախագծին դեմ է ու դեմ է քվեարկելու, շատ պարզ է, դեմ էլ պիտի լինեք, հլա համարձակվեք կողմ լինեք, բայց գոնե մի փորձեք հերքեք անհերքելին»։
Նախագծի քվեարկությունը նախատեսված է վաղը։