Մատչելիության հղումներ

HRW. Ադրբեջանում երկարամյա բռնաճնշումները հասնում են ծայրահեղ մակարդակի


Ադրբեջանում հանրության անկախ հատվածի նկատմամբ երկարամյա բռնաճնշումները հասնում են ծայրահեղ մակարդակի` անգամ Եվրոպայի խորհրդում այդ երկրի վեցամսյա նախագահության ժամկետի ավարտին, արձանագրում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:

Այս իրադրությունը վիճարկում է այդ կառույցի դերը՝ որպես Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության գծով առաջատար մարմին, կարծում է կազմակերպությունը։

«Մարդու իրավունքների պաշտպանների և կառավարության հասցեին քննադատաբար հանդես եկողների դեմ Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերական բռնաճնշումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը բացահայտ արհամարհանքով է վերաբերվում Եվրոպայի Խորհրդում իր ստանձնած պարտավորություններին»,- ասում է Human Rights Watch կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ավագ փորձագետ Գիորգի Գոգիան՝ հավելելով.- «Անգութ բռնաճնշումների անխափան ընթացքը թույլատրելը սպառնում է հենց այդ կազմակերպության նկատմամբ առկա վստահությանը»:

Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է 2014 թվականի մայիսին` չնայած հնչող քննադատության, տարիներ շարունակվող ճնշումների և Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները չկատարելուն։

Բայց իր նկարագիրը մաքրելու և տարիներ շարունակ կուտակված խնդիրներին լուծում տալու փոխարեն, Ադրբեջանի իշխանությունները, հակառակը, ակտիվացրել են իրենց բռնաճնշումները` սարքված քրեական գործերով և դատավճիռներով հարձակվելով իրավապաշտպանների, լրագրողների, սոցիալական ցանցերի ակտիվիստների վրա, արձանագրում է Human Rights Watch-ը։

Մասնավորապես, ըստ իրավապաշտպան կազմակերպության, վերջին երկուսուկես տարիների ընթացքում անհիմն քրեական մեղադրանքներ են հարուցվել առնվազն 50 անկախ և ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների, լրագրողների, բլոգերների, մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ: Նրանցից շատերը մինչ օրս ճաղերի ետևում են:

Եվրոպայի խորհրդում նախագահությունը ստանձնելուց հետո մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը կտրուկ ավելացրել է իր հարձակումները ակտիվիստների վրա, այդ երկրի իշխանությունները քաղաքական դրդապատճառներով ձերբակալել են առնվազն 11 և դատապարտել են առնվազն 9 հոգու:

Բաքուն նաև ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող նոր սահմանափակող օրենքներ է ընդունել` փորձելով լռեցնել անկախ խմբերի ձայնը:

Ադրբեջանի իշխանությունները նաև կամայականորեն դադարեցրել են իրենց ոչ հաճո հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը` սառեցնելով ՀԿ-ների բանկային հաշիվները և մերժելով նրանց նոր դրամաշնորհների գրանցումը:

Կառավարությունը ուժեղացրել է ճնշումները հատկապես իրավապաշտպանների վրա` թիրախի տակ վերցնելով այդ երկրի ամենաականավոր ակտիվիստներին` «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ» կազմակերպության ղեկավար Լեյլա Յունուսին, նրա ամսուսնուն` պատմաբան Արիֆ Յունուսին, Ադրբեջանի «Մարդու իրավունքների ակումբի» նախագահ Ռասուլ Ջաֆարովին, «Իրավական կրթության հասարակություն» կազմակերպության նախագահ Ինտիգամ Ալիևին: Չորսն էլ կալանավորված են` կեղծ մեղադրանքներով սկսած հարկերից խուսափելուց մինչև դավաճանություն, փաստում է իրավապաշտպան կազմակերպությունը։

Մեկ այլ դեպքում օգոստոսի 21-ին լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Իլգար Նասիբովը անծանոթ մարդկանց կողմից դաժան հարձակման է ենթարկվել «Նախիջևանի ռեսուրս կենտրոն»-ի իր գրասենյակում, որը տեղի միակ անկախ իրավապաշտպան կազմակերպությունն է: Հարձակվողները թալանել են գրասենյակը, ծեծի են ենթարկել Նաիսբովին` վերջինիս լուրջ վնասվածքներ հասցնելով: Սեպտեմբերի 20-ին, սակայն, խիստ ցինիկ մի շրջադարձով, ինքը Նասիբովն է մեղադրվել իր վրա հարձակված մարդուն ծեծելու մեջ:

«Եվրոպայի խորհրդի ղեկավարությունը, այդ թվում գլխավոր քարտուղարը, խորհրդարանական ասամբլեայի նախագահը և մարդու իրավունքների հանձնակատարը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պետք է Ադրբեջանի իշխանություններին կոչ անեն անմիջապես և անվերապահորեն ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր անարդար կերպով ազատազրկվել են և վերացնել նրանց դեմ քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերը: Դադարեցնել անկախ կազմակերպությունների դեմ հետապնդումների և սպառնալիքների շարունակվող արշավը և թույլ տալ նրանց անարգել աշխատել»,- կոչ է անում իրավապաշտպան կազմակերպությունը։

«Եվրոպայի ղեկավարությունը պետք է դատապարտի Բաքվի վարքը ամենակոշտ ձևակերպումներով և պետք է հասկացնի, որ Ադրբեջանի հետ չի կարող սովորականի պես հարաբերվել, քանի դեռ քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածները ազատ չեն արձակվել և քանի դեռ Բաքուն վերջ չի տվել բռնաճնշումներին»,- ասում է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի հարցերով ավագ փորձագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG