Ոստիկանությունը ոսկու շուկայում հինգ օր առաջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործ դեռ չի հարուցել: Ոստիկանությունը հաղորդում չի ստացել։ «Ազատության» հարցերին ի պատասխան այս նույն ձևակերպումը մի քանի անգամ կրկնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
Իրավաբան, փաստաբան Արտակ Զեյնալյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը պարտավոր էր ոսկու շուկայի տիրոջ նկատմամբ մինչև մեկ տարվա ազատազրկման պատիժ նախատեսող հոդվածով քրեական գործ հարուցել՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելու համար։
«Ըստ Քրեական օրենսգրքի, կարծում եմ 163-րդ հոդվածի հատկանիշներ կան՝ հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը։ Այս դեպքում նախատեսվում է 100 հազար դրամ տուգանքից մինչև 300 հազար դրամ տուգանք կամ մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկում, առավելագույնը՝ մեկ տարվա ազատազրկում։ Անձինք մասնակցել են հրապարակային միջոցառման և աշխատատեղերում նրանց գույքի նկատմամբ տեղի է ունեցել ոտնձգություն, դրանք իրար հետ ուղղակի գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զեյնալյանն ու հավելեց. - «Անձնավորությունը, ով իրականացնում էր այդ միջամտությունը՝ շուռ էր տալիս աշխատողների գույքը և փորձում էր «կարգի հրավիրել» այդ անձանց, դա միջամտում էր նրանց կարծիքն ազատ արտահայտելուն և խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքին, ինչի պարագայում հանրությունը չի կարող անմասն մնալ դրանից. դա ոտնձգություն է մարդու իրավունքի նկատմամբ: Սա շատ լուրջ խախտում է, և կարծում եմ՝ ոստիկանությունը ուղղակի պարտավոր էր քրեական գործ հարուցել»։
Անցյալ շաբաթ, երբ ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի մոտ, ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը «Ժողովուրդ» պարբերականի (Armlur.am) տեսախցիկի առջև շրջում էր, սեղանները ջարդուփշուր անելու հրահանգներ էր տալիս. - «Քշեք հանեք, լուսամուտից շպրտեք դուրս [սեղանները], պոկեք, կտոր-կտոր արեք տարեք, քաշեք»։
Վաղարշ Աբրահամյանն այդ դեպքից հետո չէր էլ թաքցրել, որ սեղանները ջարդուփշուր անելու իր նախաձեռնության պատճառը եղել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության կապակցությամբ ոսկու շուկայի աշխատակիցների բողոքը Կառավարության շենքի մոտ։
«Ճիշտ եմ արել և էլի պետք է շարունակեմ։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որ հետ գան էդ մարդիկ», - iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Աբրահամյանը։
Անցյալ շաբաթ ոսկու շուկայի տիրոջ սպառնալիքներին արժանացած քաղաքացին այսօր չէր գնացել հանրահավաքի: Նա ասում էր, որ անցյալ շաբաթ էլ չէր գնացել բողոքի ակցիայի։ «Ազատության» հարցին, թե արդյոք այլևս բողոքի ակցիաներին չի մասնակցելու, ձեռներեցը պատասխանեց. - «Ես չգիտեմ, նայած թե ինչ դնեն մեր դեմը՝ կերևա։ Ես հանրահավաքին չեմ գնացել, ես իմ գործերով եմ եղել, եկել եմ՝ իմ սեղանը տեղում է եղել, եկել եմ իմ աշխատանքին»։
Ոսկու շուկայում առևտրական գործունեություն իրականացնողներն անցյալ շաբաթվա աղմկոտ դեպքերից հետո ակնհայտորեն խուսափում էին հրապարակավ հայտնել իրենց կարծիքը։
«Մեզանից հեռու, մենք գործ չունենք։ Էն կինոն նայել ես, որ ասում է ՝քաղաքականությունը մեզանից հեռու է։ Մեզ պետք է մեր օրվա հացն ուտենք ու գնանք», - «Ազատության» հետ զրույցում ասասց առևտրականներից մեկը։
Հարցին, թե այս նոր օրենքի դեպքում կկարողանան օրվա հացի փող վաստակել, աշխատողներից մեկը պատասխանեց. - «Մեզ չի հետաքրքրում, մենք աշխատող ենք, մենք չգիտենք՝ ի՞նչ են անում, ի՞նչ են որոշում, ենթակա մարդիկ ենք»։
Այսօր, տեսնելով «Ազատության» տեսախցիկը, ձայնագրիչին կրնկակոխ հետևում էին միատեսակ արտաքինով աչքի ընկնող ոսկու շուկայի անվտանգության աշխատակիցները: Փորձում էին ուշադիր լսել, թե ոսկու շուկայի աշխատողներն ինչ հայտարարություններ էին անում «Ազատության» հարցերին ի պատասխան։
Հարցին, թե միթե մարդիկ իրավունք չունեն իրենց կարծիքը հայտնելու, անվտանգության աշխատողներից մեկը պատասխանեց, թե «չի գալիս կանգնում, որ նրանց պատասխանը լսի»։
Անվտանգության աշխատակիցներն այս զրույցից հետո հեռացան տեսախցիկների դիտակետից: