Մատչելիության հղումներ

Science հանդեսում տպագրվել են Հայաստանում կատարված պեղումների արդյունքները


2008 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները ամերիկացի գործընկերների հետ համագործակցելով՝ պեղումներ էին կատարել Լուսակերտի ու Նոր Գեղիի տարածքում ու գրանցել ուշագրավ արդյունքներ:

Դրանք վերջերս տպագրվել են ամերիկյան հանրահայտ ու գիտական աշխարհում մեծ հեղինակություն վայելող Science հանդեսում:

Արշավախումբը ղեկավարել է Կենտուկիի համալսարանի պրոֆեսոր, անվանի հնագետ Դեն Ադլերը: Արշավախմբում ընդգրկված են եղել նաև ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինտիտուտի գիտաշխատողներ Սամվել Նահապետյանը և Բորիս Գասպարյանը:

Լրագրողներին պեղումները արդյունքները ներկայացրեցին Բորիս Գասպարյանը, ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը և Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Նոր Գեղիի տարածքում հայտնաբերված ավելի քան 325 հազար տարվա պատմություն ունեցող, նախամարդու կողմից ստեղծված քարե գործիքներն ապացուցում են, որ մարդկությունն իր գոյությունը սկսել է ոչ միայն Աֆրիկայից, այլև դա կարող էր տեղի ունենալ մեր տարածաշրջանից:

Գասպարյանի խոսքով՝ այստեղի նախամարդը ոչ միայն լավ իմացել է տեղանքը, քարից գործիքներ է մշակել, այլև դրանք պատրաստելու համար օբսիդիանը բերել է ներկայիս Սյունիքի տարածքից․ - «Այսինքն այն մարդը, որը ապրել է Գեղիում, շատ մոբիլ է եղել, նա շահագործել է բավական մեծ լանդշաֆտային տարածք: Իսկ դա նշանակում է, որ նրան հարկավոր են ստեղծել տեղափոխման համար ավելի հարմար և ավելի մոբիլ առարկաներ, որն էլ հենց փաստում է այն անհրաժեշտությունը, թե ինչու առաջին պահի ինդուստրիան, որը այդտեղ կար, պետք է նրանց չբավարարեր, և նրանք պետք է գտնեին նոր եղանակներ քարից գործիքներ արտադրելու համար»:

«Նոր Գեղիում կատարված ուսումնասիրությունների թիվ մեկ կարևորությունը հետևյալն է․ որ ցույց է տալիս, որ մինչ այդ եղած երկկողմանի մշակման ձևը և այդ լևալուազյան տեխնիկան իրար հետ կապված են և տեղում են առաջացել: Այսինքն՝ լևալուազյան տեխնիկայի ի հայտ գալը աշխարհի տարբեր հատվածներում պետք չէ միայն բացատրել Աֆրիկայից մարդկանց ներհոսքով, այլ տեղում կարող էր առաջանալ: Ողջ իր մեթոդաբանական, էվրիստիկական նշանակությունը այս աշխատանքի, այս ուսումնասիրությունների հատկապես դրա մեջ է», - նշեց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG