Մատչելիության հղումներ

Փոքր ու միջին ձեռներեցները ԱԺ-ից արտահերթ նիստ են պահանջում


Փոքր ու միջին ձեռներեցները ԱԺ-ից արտահերթ նիստ են պահանջում
please wait

No media source currently available

0:00 0:03:47 0:00

Խորհրդանի մոտ հարյուրավոր ձեռներեցների այսօրվա բողոքի ցույցից հետո ոչ իշխանական քառյակը խոստացավ ստորագրություններ հավաքել՝ ձեռնարկատերերին հուզող՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ արտահերթ նիստ հրավիրելու համար։

Վիճահարույց օրենքը փոփոխելու համար ոչ իշխանական ուժերը պետք է առաջիկա 24 ժամվա ընթացքում 44 ստորագրություն հավաքեն։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարում էր՝ արտահերթ նիստն անհրաժեշտ է օր առաջ հրավիրել. խնդիրը հրատապ է՝ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից։

«Եթե մենք հիմա արագ քննարկենք, մինչև հոկտեմեբերի 1-ը մտցնենք ռեժիմի մեջ, էդ բոլոր հարցերը քննարկվելու են այդ փուլում», - հայտարարեց Մելքումյանը։

Երկու օրից ուժի մեջ մտնող օրենքով՝ շրջանառության հարկը 3.5 տոկոսից իջեցվում է 1 տոկոսի, փոխարենը՝ պահանջվում է փաստաթուղթ ներկայացնել ամեն ապրանքի համար։ Առևտրականների խոսքով՝ իրենք մեծամասամբ պարտքով են գնում վաճառելիք ապրանքը, և այդ դեպքում ոչ ոք իրենց փաստաթուղթ չի տրամադրում։

«Նիսիա է մեր ապրանքները, ո՞նց պետք է անենք, Կառավարության կողմից ամեն մի նոր օրենքից հետո արտագաղթ է սկսվում, նպատակն ի՞նչ է՝ ժողովրդին տեղահա՞ն անեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Փաստաթուղթ չունենալու դեպքում առևտրականներին տուգանքներ են սպասվում, վստահ են՝ Կառավարության առաջարակած բարեփոխման արդյունքում իրենք, ի վերջո, պարզապես սնանկանալու են։

Ոչ իշխանական պատգամավորները առաջարկում են փոփոխել օրենքն ու հնարավորություն տալ, որ առևտրականները կարողանան իրենք ընտրել՝ աշխատել հին կարգով, թե նոր։

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ընդգծեց՝ եթե նույնիսկ իրենց հաջողվի այս հարցով արտահերթ նիստ հրավիրել, դա կլինի գործընթացի սկիզբը միայն, արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որ առևտրականները չդադարեցնեն ցույցերը։

«Այսօր մի հատ էլ արտահերթ նիստի օրակարգում հարց կար՝ Հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ բոյկոտելու է և չի մասնակցելու, չի բացառվում, որ հիմա էլ այս օրենքի նախագծի վերաբերյալ Հանրապետականը բոյկոտի, որպեսզի չբոյկոտի՝ հարկավոր է նաև ձեր աջակցությունը», - հայտարարեց Մանուկյանը։

Ցույցի ընթացքում Հանրապետական խմբակցության ոչ մի պատգամավոր առևտրականների հետ հանդիպելու համար դուրս չեկավ։ Վաղ առավոտից տարածքը հսկում էին մեծ թվով ոստիկաններ։

Ցույցից ժամեր անց դրա մի քանի մասնակիցներ իրենց աշխատավայրերից ոստիկանություն են տարվել հարուցված քրեական գործի շրջանակներում։

Նրանք «Ազատությանը» փոխանցեցին, որ ոստիկանությունում ցույցի ընթացքի վերաբերյալ հարցեր են ուղղվել, ինչը նրանք իրենց նկատմամբ ճնշում են որակում։

Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանն «Ազատության»-ը ասաց, որ մի քանի առևտրականներ հարցաքննվել են որպես վկա, իսկ քրեական գործը հարուցվել է սեպտեմբերի 23-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի և դրա ընթացքում Տիգրան Մեծի փողոցը փակելու հետ կապված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG