Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հույսեր են ներշնչում


Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարում է, թե իր երկիրն ունի Արևմուտքի հետ միջուկային իր ծրագրի շուրջ լուրջ և արդար բանակցություններ անցկացնելու ցանկություն, սակայն չունի ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելու մտադրություն։

Ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ Ռոհանին հայտարարեց, թե՝ այս համաձայնությունը կարող է կրել համաշխարհային խաղաղության և անվտանգության մասին հզոր մի ուղերձ, և որ որևէ հակամարտություն հարկավոր է լուծել բանակցությունների ու հարգանքի, այլ ոչ՝ նոր հակամարտությունների ու պատժամիջոցների եղանակով։

Ինչպես բանակցություններին մասնակցող պատվիրակության անդամներից ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ուենդի Շերմանն է ասում «Ամերիկայի Ձայն»-ին․ - «Երբ բանակցությունների հաջող ընթացքի դեպքում անմիջապես դադարեցվեն Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, ամբողջ աշխարհը ներդրումներ կատարելու և նոր գործարքներ կնքելու մտադրությամբ անմիջապես կողողի այս երկիրը»։

Ամերիկան ցանկանում է, որ գործարքը կնքվի մինչև նոյեմբերի 24-ը, հակառակ դեպքում այն կհամարվի ձախողված:

«Իրանի ղեկավարներին իմ ուղերձը հետևյալն է՝ թույլ չտաք, որ բաց թողնվի այս հնարավորությունը», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։

Իրանի նախագահի խոսքերով, համաձայն միջազգային օրենքների և ազգային հպարտության, իր երկիրը պաշտպանելու է միջուկային բոլոր իրավունքները։ - «Ու եթե ազգային շահերից բխող այս փաստը հաշվի չառնվի ու բանակցող մյուս կողմը խաղաղության այս գործընթացում թույլ տա ծանր սխալներ, այն ժամանակ մենք բոլորս կկորցնենք այս հնարավորությունը», - հայտարարել է Ռոհանին։

Շատ փորձագետներ ասում են, որ միջազգային բանագնացները, կենտրոնանալով միայն ուրանի սահմանափակ հարստացման վրա, կայացրել են խիզախ որոշում, ինչը ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Շերմանի խոսքերով, Թեհրանին կարող է համոզել նույնպես գնալ համարձակ որոշման։

Իրանի և ԱՄՆ-ի արտգործնախարարների մակարդակով բանակցություններում քննարկման առարկա է նաև «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարը: Իրանի նախագահը, դատապարտելով հանդերձ այս խմբավորման գործողությունները, քննադատում է խնդիրը ռազմական եղանակով լուծելու նպատակ ունեցող երկրներին ու հայտարարում, որ արտաքին ներխուժումներն են սովորաբար դառնում ահաբեկչության ծավալման գլխավոր պատճառ։ Ռոհանին նաև ակնարկում է, որ այս սպառնալիքի նկատմամբ Իրանի կողմից որդեգրվելիք դիրքը մեծապես կախված է միջուկային հարցերի շուրջ անցկացվող բանակցությունների արդյունքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG