Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ մասնակցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը:
Իր խոսքում Աբրահամյանը նշել է, որ Կառավարությունը մեծ նշանակություն է տալիս այս նախաձեռնությանը՝ երկրում ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական հասարակության ձևավորման համատեքստում:
«Մեր երկրում տեղեկատվության ազատությունը երաշխավորված է օրենքով, և մենք հետևողական ջանքեր ենք գործադրելու, որպեսզի ապահովվի կառավարման համակարգի թափանցիկությունը», - Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:
Ոսկե բանալին տրվել է Արմավիրի մարզպետարանին ՝որպես Տեղեկատվության ազատության մասին օրենքը լավագույնս կիրառած պետական ինքնակառավարման մարմնի:
Ոսկե բանալիի են արժանացել նաև www.police.am, yerkir.am կայքերը, Տարածքային կառավարման նախարարությունը, «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի հանրային ռադիոն, փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հաղորդմամբ, մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ տրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: