Վրաստանն ու Ռուսաստանը քննարկելու են երկու երկրների միջև ճանապարհային նոր թունել կառուցելու հարցը, որը կգործի ամբողջ տարվա ընթացքում և շահավետ կլինի ոչ միայն երկու երկրների, այլ նաև Հայաստանի համար:
Ռուսաստանի փոխարտգործնախարար, Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ռուսական կողմի բանագնաց Գրիգորի Կարասինը երեկ վրացի լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե դեռ խորհրդային ժամանակներում Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհների ու թունելների նախագծեր են մշակվել, որոնք հիմա կարող են արդիական լինել:
«Կարծում եմ` մոտ ապագայում կարելի է համաձայնության հասնել ենթակառուցվածքային կոնկրետ ծրագրերի շուրջ», - ասել է նա:
Կարասինի խոսքով՝ այդ նախագծերի վրա ժամանակին ինժեներական փորձագիտական որոշակի աշխատանքներ են արվել: Դրանք իրականացնելու համար, բնականաբար, ներդրումներ են անհրաժեշտ թե' Ռուսաստանի, թե' Վրաստանի կողմից:
«Մենք հետաքրքրված ենք հաղորդակցության ուղիների զարգացմամբ: Դրանում հետաքրքրված է նաև Հայաստանը, որի հետ ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների միակ ուղին Վերին Լարսն է: Եթե մենք այլընտրանքային ճանապարհ կառուցենք, դրանից կշահի մեր տնտեսական համագործակցությունը», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ ավելի ուշ Զուրաբ Աբաշիձեն, ով Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վրացական կողմի բանագնացն է, պարզաբանել է, որ խոսքը Մլետա - Լարսի հատվածում նոր թունելի շինարարության մասին է, որը կառուցվելու դեպքում կգործի ամբողջ տարին:
«Այնտեղով անցնում է ոչ միայն Վրաստան - Ռուսաստան պետական սահմանը, այլ նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև տնտեսական սահմանը: Այդ պատճառով այս ուղղությունը հետաքրքրում է բոլորին: Այնտեղ ռելիեֆը շատ բարդ է, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում ձմռանը: Այս թունելի կառուցումը տնտեսական մեծ նշանակություն կունենա», - ասել է Աբաշիձեն՝ նշելով, որ Կարասինի հետ առաջիկա հանդիպմանը այդ հարցը քննարկվելու է: