Մատչելիության հղումներ

Օբաման ՄԱԿ-ի ամբիոնից Ռուսաստանին մեղադրեց Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի մեջ


Օբաման քննադատում է Ռուսաստանին
please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00

Օբաման քննադատում է Ռուսաստանին

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում իր բավական ծավալուն ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անդրադարձել է այժմ հրատապ համաշխարհային հիմնական խնդիրներին՝ Մերձավոր արևելքում «ծայրահեղականության և ահաբեկչության քաղցկեղը» վերացնելուն, իսրայելապաղեստինյան հակամարտությանը, Իրանի միջուկային խնդրին, համաշխարհային վտանգ ներկայացնող էբոլա համաճարակին։

Նրա ելույթի մի զգալի հատվածն էլ նվիրված էր ուկրաինական ճգնաժամին և դրանում Ռուսաստանի դերակատարությանը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինի խոժոռ հայացքների ներքո Բարաք Օբաման մեղադրեց Ռուսաստանին Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի մեջ:

«Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում վիճարկում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված կարգը»,- հայտարարեց Օբաման՝ հավելելով.- «Սրանք են փաստերը. այն բանից հետո, երբ Ուկրաինայում մարդիկ միավորվեցին բողոքի ակցիաներում` պահանջելով բարեփոխումներ, նրանց կոռումպացված նախագահը փախավ: Կիևի իշխանությունների կամքին հակառակ Ղրիմը բռնակցվեց: Ռուսաստանը Արևելյան Ուկրաինա սկսեց զենք մատակարարել` աջակցելով վայրագ անջատողականներին և հակամարտությանը, որին զոհ գնացին հազարները»

«Երբ քաղաքացիական ինքնաթիռը խփվեց այն տարածքում, որը վերահսկում էին ռուսամետ անջատողականները, նրանք օրեր շարունակ փակված պահեցին ինքնաթիռի կործանման վայրը և թույլ չտվեցին ոչ ոքի մոտենալ: Երբ Ուկրաինան սկսեց վերականգնել վերահսկողությունը իր տարածքների նկատմամաբ, Ռուսաստանը չբավարարվեց պարզապես անջատողականներին աջակցելով և զորքերն անցկացրեց սահմանից:

Սա է պատկերը այն աշխարհի, որտեղ ուժը իրավունք է ծնում, որտեղ մի պետություն կարող է վերաձևել հարևան երկրի սահամանները, իսկ բազմաթիվ մարդիկ հնարավորություն չունեցան անգամ իրենց մերձավորների աճյունները ստանալ, քանի որ այդպիսով կարող էր ճշմարտությունը բացահայտվել»,- ասաց Օբաման։

ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները այս ամենի կողմնակիցը չէ.- «Մենք համարում ենք , որ իրավունքն է ուժ ծնում, այսինքն ավելի մեծ պետությունները չպետք է հնարավորություն ունենան վախեցնել ավելի փոքրերին, իսկ մարդիկ պետք է հնարավորություն ունենան ընտրել իրենց ապագան: Սրանք պարզ ճշմարտություններ են, սակայն պաշտպանության կարիք ունեն: Ամերիկան և մեր դաշնակիցները կաջակցեն Ուկրաինայի ժողովրդին, որ նրանք զարգացնեն իրենց ժողովրդավարությունը և տնտեսությունը: Մենք կհզորացնենք ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և կպահենք կոլեկտիվ պաշտպանության մեր հանձնառությունը: Մենք Ռուսաստանին կստիպենք բարձր գին վճարել իր ագրեսիայի համար և կդիմագրավենք ստին ճշմարտությամբ»:

Օբաման ՄԱԿ-ի ամբիոնից կոչ արեց այլոց միանալ իրենց՝ «պատմության ճիշտ կողմում»:

«Չնայած ատրճանակի փողի ներքո փոքր հաջողություններ կարող են գրանցվել, սակայն վերջիվերջո դրանք ի չիք կդառնան, երբ բավականաչափ շատ ձայներ հանդես գան պետությունների ազատության և մարդկանց` սեփական որոշումները կայացնելու օգտին: Հնարավոր է սակայն այլ ճանապարհ` դիվանագիտության և խաղաղության ճանապարհը»,- ասաց նա։

Օբամայի խոսքով, Ուկրաինայում հրադադարի վերջին համաձայնագիրը դրա հնարավորությունը տալիս է.- «Եթե Ռուսաստանը այդ ճանապարհը ընտրի, ապա մենք կթուլացնենք մեր պատժամիջոցները և կողջունենք Ռուսաստանի դերակատարությունը ընդհանուր խնդիրները լուծելու գործում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG