Սեպտեմբերի 26-ին լրանում է հայ մեծագույն երգահան Կոմիտասի 145-ամյակը: Հոբելյանի օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգով կմեկնարկի «Կոմիտասյան օրեր» փառատոնը:
Փառատոնը, որը կավարտվի հոկտեմբերի 8-ին, ներառելու է 5 համերգ, որոնց ընթացքում կներկայացվեն կոմիտասյանի երգչախմբային, դաշնամուրային և վոկալ ստեղծագործությունները:
Փառատոնին ընդառաջ հրավիրած ասուլիսում Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը լրագրողներին հիշեցրեց, որ կոմիտասյան հոբելյանական տարին սկսվել է մարտ ամսից․ անցկացվել են տարբեր երաժշտական (այդ թվում մանկական) փառատոներ, հրատարակվել է Կոմիտասի մանկական խմբերգերի ժողովածուն, որը բաժանվել է Հայաստանի և Արցախի բոլոր հանրակրթական ու երաժշտական դպրոցներին:
Փոխնախարարն ասաց, թե մինչև տարեվերջ լույս կտեսնեն այլ հոբելյանական հրատարակություններ ևս․ - «Մեծ ուշադրություն ենք դարձրել կոմիտասյան աշխատանքների՝ գրքերի, DVD-ների հրատարակությանը: Ուզում եմ նշել, որ «Սոնի» միջազգային կազմակերպության կողմից շուտով պատրաստ կլինի Կոմիտասի անթոլոգիան, որտեղ ամփոփված կլինի նրա ժառանգությունը»:
Արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ է և մինչև տարեվերջ դռներն այցելուների առաջ կբացի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում: Շենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:
Հարցին, թե արդյոք Գրականության և արվեստի թանգարանում պահվող կոմիտասյան մասունքներն ամբողջովին՝ ներառյալ Կոմիտասի դաշնամուրը, հանձնվելու են բացվելիք թանգարան-ինստիտուտին, փոխնախարարը պատասխանեց․ - «Մենք հիմա իրականացնում ենք գույքագրում Կոմիտասի ողջ ժառանգության՝ և՛ նյութական, և՛այդ մասունքների մասով, և ամբողջը տեղափոխվելու է այնտեղ»:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը, խոսելով կոմիտասյան վիթխարի ժառանգության մասին, ասաց․ - «Թվում է, թե պատմական դժբախտ բերումով Կոմիտասից քիչ բան է մնացել: Ճիշտ հակառակը պիտի ասեմ․ այո՛, կորուստը շատ մեծ է: ժողովրդական երգերի նրա հավաքած ամբողջ պաշարի ինչ-որ մասն է մեզ հասել․ գրեթե կեսը կորսված է համարվում․․․ Այդքանով հանդերձ, 14 հատոր Կոմիտաս կա: Սա հսկայական ժառանգություն է: Այս ժառանգությունը, եթե դրվի շրջանառության մեջ այնպես, ինչպես Կոմիտասն ուզում է, որ դրվի շրջանառության մեջ, մենք կունենանք երաժշտական մշակույթի հսկա ներուժ և զարգացման մեծ պոտենցիալ»:
Փառատոնի ընթացքում ունկնդրին մատուցվելու է միայն կոմիտասյան մաքուր երաժշտություն՝ առանց վերամշակումների: «Երբ Կոմիտասին մշակում են, մի քիչ ցավ ենք ապրում, որովհետև Կոմիտասին պետք չէ մշակել, կարելի է մշակել ժողովրդական երգեր: Կոմիտասն ինքը նույնպես ունի բազմաթիվ հավաքած, մաքրած ժողովրդական երգեր, որը կարելի է վերցնել և մշակել», - ասաց Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը:
Կազմակերպիչները հույս ունեն ամենամյա դարձնել «Կոմիտասյան օրեր» փառատոնը: