Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում դատապարտելի համարեց Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հայտարարությունը, որ եթե Հայաստանը ի վերջո չընտրի Եվրասիական միությունը, ապա հարցականի տակ կհայտնվի ոչ միայն հայկական պետականությունը, այլև ընդհանրապես հայերի ապագան։
Երեկ Երևան-Մոսկվա տեսակամուրջի միջոցով կազմակերպված ասուլիսի ընթացքում Կովալենկոն նաև հայտարարել էր, որ Հայաստանից ի վերջո կպահանջեն կատարել ընտրություն, քանի որ «Հայաստանը չի կարող անվերջ խուսանավել այս բարդ միջազգային պայմաններում»: «Եվ այդ պատմական ընտրությունը, որը պետք է անի Հայաստանը, ահա այդ ընտրությունից շատ բան է կախված՝ կախված է պետության ապագան, հայ ժողովրդի ապագան, ընդհանրապես՝ հայերի ապագան», - ասել էր Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպանը:
«Ես չեմ կարծում, նախ, առաջին հերթին, որ «Եվրասիական տնտեսական միություն» այդպիսի միավորումը կկայանա, որովհետև եթե մի միավորում ստեղծված չէ պետությունների հավասարության և ընդհանրապես գաղափարի ներքո, այլ ագրեսիայի բանեցման ներքո է այդպիսի միությունը փորձվում ստեղծվել ժամանակակից աշխարհում, ապա նման միության գոյությունը արդեն իսկ ի սկզբանե կասկածի տակ է, և, հետևաբար, խոսել այսպիսի տոնով, այսպիսի մոտեցումներով, այսպիսի հայտարարություններով՝ սա ուղղակի նորից և նորից ընդգծում է ցարական Ռուսաստանի ցանկությունը, որը նախկինում եղել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը՝ շարունակելով․ - «Իրենք դեռ գտնվում են հարյուր տարի առաջվա Ռուսաստանում, և այսօրվա Պուտինի կառավարությունը, որը այ այսպես՝ սամոդերժեց (ինքնակալ), այ դրա տիրույթում է գտնվում, այդպիսի կառվարման ներքո գտնվող հայտարարություն է, որ արվել է Կովալենկոյի կողմից, որը, իհարկե, դատապարտելի է»։
Պատգամավորը կարծում է, որ հանրությունը այս հայտարարությանը համապատասխան արձագանք կտա։
«Մենք ընդունում ենք ռուս ժողովրդին որպես բարեկամ, բայց նրա ղեկավարներին, ովքեր այսօր հանդես են գալիս այսպիսի դիրքերից, այսպիսի կայսերական մոտեցումներով, հավատացեք, որ հայ ժողովուրդը սա չի ընդունի, և ես կարծում եմ, որ, այո, ապագան այստեղ մեր ձեռքում է, և հայ ժողովուրդը արդեն իսկ իր ապագայի մասին որոշումը կայացրել է, երբ շուրջ քսան տարի առաջ եղավ ոտնձգություն թշնամու կողմից և մենք հաստատեցինք խաղաղություն մեր այս տարածքում, և այսօր էլ պատրաստ ենք խաղաղության հաստատման ներքո ապրել և ծաղկել», - ասաց Փոստանջյանը։
«Ունենք նման կամք, բայց դեռ չունենք ժողովրդավար ինստիտուտներ, որը շատ կարևոր է», - ընդգծեց Փոստանջյանն ու հավելեց, որ այդ ինստիտուտների գոյությունը կարևոր է նաև բազմազգ Ռուսաստանի համար։
«Եթե բազմազգ Ռուսաստանը չի գնահատում իր պետության ներքո ապրող ժողովուրդների կամքը և ցանկությունը, ապա նույն Ռուսաստանը, էլ չեմ ասում այն բոլոր տարածքները, որոնք նախկինում Խորհրդային Միության ներքո էին գտնվում, նույն այդ տարածքների նկատմամբ ինքը չի կարող ունենալ բարիդրացիական հարաբերություններ և նաև ունենա, այսպես ասենք, մեկ դաշինքի մեջ միավորվելու հնարավորություն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։