Մատչելիության հղումներ

ՀԿ-ն պահանջում է բացահայտել ԵՏՄ-ին միանալու պայմանագրի բոլոր մանրամասները


ՀԿ-ն պահանջում է բացահայտել ԵՏՄ-ին միանալու պայմանագրի բոլոր մանրամասները
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը դատական ճանապարհով պահանջում է, որ Էկոնոմիկայի նախարարությունը բացահայտի, թե հատկապես որ ապրանքների մաքսատուրքերի նվազեցման շուրջ է Հայաստանը հիմա բանակցություններ վարում դաշինքի անդամ պետությունների հետ։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն այսօր անգամ դատարանում պնդեց, թե չի պատրաստվում հրապարակել, թե ինչ պայմաններով է Հայաստանը պատրաստվում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը։

Նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Ազրոյանը պնդեց, որ այդ փաստաթուղթն ու դրա մանրամասները գաղտնի են՝ հավելելով, որ նախարար Կարեն Ճշմարիտյանն ինքն է որոշել դրանք գաղտնի պահել՝ հիմնվելով կառավարության «Պետական գաղտնիքի մասին» որոշման վրա։

Նախարարության ներկայացուցիչն այդպես էլ չհստակեցրեց, թե ինչու և երբ է նախարարը որոշել ԵՏՄ-ին միանալու պայմանագրի նախագիծը դասել գաղտնի տեղեկությունների ցանկում․ - «Նախարարը իր կանոնադրությամբ, ինչպես նաև օրենքներով օժտված է այդ իրավասությամբ: Դուք խոսեցիք փորձաքննության մասին․․․ Նման բան չկա, փորձաքննության ինստիտուտ մեզ մոտ գոյություն չունի, նման մասնագետներ չկան, որպեսզի որոշեն՝ այդ տեղեկատվությունը պետք է լինի գաղտնի, թե չպետք է լինի գաղտնի»:

Իրազեկ քաղաքացիների միավորման ներկայացուցիչ Դանիել Իոննիսյանը վստահ է՝ նախարարի այս որոշումը կամայական է և նպատակ ունի հանրությունից թաքցնել Հայաստանին պարտադրվող պահանջները, որոնք, հրապարակելու դեպքում, կարող են ըմբոստության առիթ դառնալ։

«Եթե Եվրասիականին միանալու՝ Հայաստանի պայմանագիրը բխեր հանրության շահերից, իշխանություններն օր առաջ կշտապեին այն հանձնել հանրության դատին», - համոզված է նա։ - «Եթե ինչ-որ բան գաղտնի է պահվում․․․ ուրեմն դրա հրապարակումը պետք է վնաս տա Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Որևիցե տրամաբանություն չկա, որ այդ 900 ապրանքատեսակների կամ պայմանագրի նախագծի հրապարակումը պետք է վնաս տար Հայաստանի Հանրապետության անվտանգությանը»:

Նախարարությանը դատարան բերած կազմակերպության ներկայացուցիչը նշում է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից մեկ տարի անց էլ որևէ բան հստակ չէ․ պաշտոնյաները ամեն անգամ հակասական հայտարարություններ են անում անդամակցության ժամկետների ու պայմանների վերաբերյալ։

Իրազեկ քաղաքացիների միավորումը հայց է ներկայացրել նաև Արտաքին գործերի նախարարության դեմ։ Նախարարությունը ևս նախ հրաժարվել էր կազմակերպությանը ներկայացնել Կրեմլի նախաձեռնած միությանը միանալու պայմանագրի նախագիծը, սակայն ավելի ուշ տեղեկացրել է, թե պատրաստ է այն հրապարակել։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ իրականում Հայաստանի իշխանությունները որեւէ պատրաստի փաստաթուղթ էլ չունեն, քանի որ միության հիմնադիրների շրջանում տարաձայնությունները Հայաստանի անդամակցության հարցով ցայսօր լուծված չեն։

Արտաքին գործերի նախարարությունը ստիպված է նման հայտարարություններ անում՝ հասկանալով հանդերձ, որ հրապարակման ենթակա փաստաթուղթ չկա․ - «Պարզապես ԱԳՆ-ն առավելապես ընդգծել է, թե որևէ բան հանրությունից գաղտնի չի պահվում․․․ Բայց իրականում Էկոնոմիկայի նախարարության պահվածքը ցույց է տալիս, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, կամ նույնքան լուրջ է, որքան եղել է ամիսներ առաջ: Մյուս կողմից՝ Էկոնոմիկայի նախարարության համար ստեղծված բարդությունը․ որովհետև նա չի կարող տրամադրել որևէ ստույգ փաստաթուղթ, այդ թվում և միանալու պայմանագրի նախագիծ՝ եթե այդ նախագծում առանցքային խնդիրները, որոնք ամիսներ շարունակ չեն լուծվում, մնացել են չլուծված»:

Սաֆարյանը կանխատեսում է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական միության հիմնադիր երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպմանը Հայաստանի անդամակցության հարցը չի էլ քննարկվի՝ հենց միության հիմնադիրների տարաձայնությունների պատճառով։

XS
SM
MD
LG