Եվրոպական միության ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Եվրոպական միության և Հայաստանի հարաբերություններին, այն կացությանը, որը ստեղծվել է 2013 թվականի սեպտեմբեր 3-ից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել է Մաքսային միությանն անդամակցելու որոշումը։
Սթանոյի փոխանցմամբ՝ սեպտեմբերերեքյան շրջադարձից հետո պետք է ստեղծել հարաբերությունների նոր հիմք։
«Եվրոպական միությունը մոտ 3.5 տարի Հայաստանի հետ բանակցել է Ասոցացման պայմանագրի և դրա բաղադրիչ Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ Բայց հետո Հայաստանը վճռել է անդամակցել Մաքսային միությանը։ Դրա արդյունքում Ասոցացման պայմանագիրն այլևս կիրառելի չէ», - ասել է Սթանոն։
Նա նշել է, որ այդ պայմանագրի որոշ տարրեր հետագայում, իհարկե, կարող են օգտագործվել, երբ կողմերը ձեռնամուխ կլինեն նոր հարաբերությունների մշակմանը։
Ֆյուլեի խոսնակը հավաստիացրել է, որ Եվրոպական միությունը և Հայաստանը մտադիր են շարունակել համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում։ Կողմերը մշտապես շփման մեջ են։
Սթանոյի խոսքերով, Բրյուսելը ցանկանում է հասկանալ, թե ինչպես է Երևանը մտադիր զարգացնել հարաբերությունները, հաշվի առնելով այն պարտավորությունները, որոնք բխում են Մաքսային միությանն անդամակցելուց։
Անցյալ տարի Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Եվրամիությունը և Հայաստանն ընդունել են համատեղ հռչակագիր, վերահաստատելով, որ պատրաստ են զարգացնել կապերը։
«Մենք հատկապես շահագրգռված ենք զարգացնել համագործակցությունը ժողովրդավարական ինստիտուտներն ամրացնելու, մարդու իրավունքների պաշտպանությունը բարելավելու, քաղաքացիական հասարակությանն աջակցելու, կոռուպցիայի դեմ պայքարելու ոլորտներում։ Սրանք են առանցքային հարցերը, որտեղ կա համագործակցությունը խթանելու հեռանկար»,- ասել է Փիթեր Սթանոն։
Շտեֆան Ֆյուլեի խոսնակն «Ազատության» թղթակից Ռիքարդ Ջոզվյակի հետ զրույցում նշել է, որ բոլոր դեպքերում Երևանի և Բրյուսելի հարաբերությունները պետք է դրվեն նոր հիմքի վրա, քանի որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ստեղծել է նոր իրողություն։
Հայաստանը դեռ չի միացել Մաքսային միությանը, սակայն ընտրել է այդ ուղին։ Կան պարտավորություններ, որոնք Հայաստանը ստանձնում է այդ որոշմամբ։
«Հայաստանը նախ պետք է Եվրամիությանը տեղեկացնի իր նոր պարտավորությունների մասին, հայտնի, թե որքանով դրանք կսահմանափակեն Եվրամիության հետ համագործակցությունը այն բնագավառներում, որտեղ հնարավոր է իրավական անհամատեղելիություն», - ասել է Սթանոն և ավելացրել. - «Բրյուսելը կորոշի, թե ինչպիսին կլինի Երևանի հետ նոր հարաբերությունների հիմքը միայն այն բանից հետո, երբ հայկական կողմը կներկայացնի նոր իրողության ամբողջական պատկերը և իր նպատակների ու ծրագրերի հայեցակարգը, իսկ նման տեղեկություն Հայաստանը դեռ չի տրամադրել»։
Սթանոյի խոսքերով, սա փոխադարձ գործընթաց է, երկու կողմն էլ ցանկանում են զարգացնել կապերը, Եվրամիությունը վերջնաժամկետ չի ներկայացնելու։
Արևելյան գործընկերության տրամաբանությունն է՝ «Մենք արձագանքում ենք ձեր ձգտումներին»։
«Մեր առաջարկն ի սկզբանե շատ պարզ էր. մենք բանակցությունների սեղանին ենք դրել Ասոցացման պայմանագիրն ի պատասխան փոխադարձ ընդունելի արժեքների և չափանիշների վրա Եվրամիության հետ մերձենալու և տնտեսական ինտեգրման տարածք մուտք գործելու Հայաստանի այն ժամանակվա ցանկությանը»,- ասել է Սթանոն։
Նրա փոխանցմամբ՝ երբ Հայաստանը հայտնել է, որ փոխել է ձգտումը և անդամակցելու է Մաքսային միությանը, սակայն ցանկանում է զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ, Բրյուսելն արձագանքել է, որ պատրաստ է վերանայել հարաբերությունների շրջանակն ու հիմքը։
«Ուստի, մենք ոչ մի վերջնաժամկետ չենք ներկայացնում։ Եվ հենց մեր գործընկերները մեզ կտեղեկացնեն համագործակցության վերաբերյալ իրենց գաղափարը, մենք պատրաստ կլինենք տալ մեր պատասխանը», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատարի խոսնակը։