Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ու հատուկ նիստի ժամանակ իր ելույթները հիմնելու է սուննի արմատականների դեմ համընդհանուր պայքարի կարևորության վրա։
Օբաման հիշեցնում է, որ ավելի քան 4Օ երկիր է հայտնել «Իսլամական պետության» դեմ լայնածավալ պայքար սկսելու պատրաստակամություն՝ նախատեսելով մարզումներ և օդային գործողություններ։ ՄԱԿ-ի շրջանակներում չորեքշաբթի օրը նա հրավիրելու է պետությունների ղեկավարների անսովոր մի գագաթաժողով, որի նպատակը լինելու է ահաբեկչական խմբերի նկատմամբ արտաքին քաղաքականություն որդեգրելու հարցը, որպեսզի կանխվի ահաբեկիչների որևէ ֆինանսավորում։
Այս մասին է տեղեկացնում ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը, ում խոսքերով, որևէ երկիր մինչև այժմ չի խոստացել միանալ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից իրականացվելիք օդային գրոհներին։ Եվ նա կարծում է, որ այդ դեպքում ԱՄՆ-ը նույնպես Սիրիայում չի դիմի գործողությունների՝ եթե նույնիսկ Օբաման կայացնի նման որոշում։
ԱՄՆ-ի Կոգրեսն անցյալ շաբաթ հավանություն տվեց Սիրիայի չափավորական ընդդիմությանը մարզելու ու սարքավորումներով ապահովելու առաջարկին։ Չնայած առաջարկն արժանացավ և՛ հանրապետական և՛ դեմոկրատ կոնգրեսականների հավանությանը, որոշ կոնգրեսականներ դեմ են մահմեդական ընդդիմությանն աջակցելու գաղափարին։
Ինչպես, օրինակ, սենատոր Ռանդ Փոլն է ասում՝ Սադամ Հուսեյնից մինչև Բաշար ալ Ասադ ու Մուամար Ղադաֆի, պատմությունը կրկնվում է։ Արտաքին ներխուժման արդյունքում տապալվում են աշխարհիկ բռնակալները, ինչից հետո սկսվում է քաոս, ու պայքար իսլամիստական ուժերի միջև․ - «Ու Ամերիկան այդպես էլ չի հասկանում արաբական քաղաքացիական պատերազմներում իր մասնակցության արդյունքը»։