Մատչելիության հղումներ

Վրաստանի օմբուդսմենն արձագանքել է Հավլաբարի Սուրբ Մինաս եկեղեցու տանիքի փլուզմանը


Վրաստանի օմբուդսմենն արձագանքել է Հավլաբարի Սուրբ Մինաս եկեղեցու տանիքի փլուզմանը
please wait

No media source currently available

0:00 0:03:06 0:00

Վրաստանի օմբուդսմենն արձագանքել է Հավլաբարի Սուրբ Մինաս եկեղեցու տանիքի փլուզմանը

Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում օրերս փլուզվել է 1790 թվականին կառուցված Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը: Այս տեղեկությունը հաստատեց Վիրահայոց թեմի իրավաբանական բաժնի պետ Լևոն Իսախանյանը:

Եկեղեցին Վրաստանի մշակութային հուշարձանների ցանկում է:

Սուրբ Մինաս եկեղեցին խորհրդային տարիներին բռնագրավվել էր: Խորհրդային կարգերի փլուզումից հետո եկեղեցու կարգավիճակն անհայտ է. Վիրահայոց թեմը դիմել է Վրաստանի Կառավարությանը, սակայն հարցը մինչ օրս մնում է չլուծված։

Եկեղեցու հետ կապված հարցով զբաղվում են իրավապահները. արդեն մեկ տարի է՝ դատական վեճ կա Վիրահայոց թեմի և տարածքը սեփականաշնորհած բնակիչների միջև: Դատական գործընթացը ձգձգվում է:

Եկեղեցու հարևանությամբ ապրում են փախստականներ, կան նաև հայեր:

«Սեփականաշնորհել է, կեղծ փաստաթղթեր են, հիմա մեզ էլ էր ուզում հանել այստեղից, ու հիմա մեր գործը դատարանում է։ Արդեն դատարանը ապացուցել է, որ իրոք այստեղի բոլոր փախստականներն այստեղ գրանցված են», - «Ազատության» հետ զրույցում ասաց փախստականներից մեկը։

Այսօր Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին Կառավարությանը կոչ է արել կարգավորել Թբիլիսիում և Ախալցխայում հայկական հինգ եկեղեցիները պատմական տիրոջը վերադարձնելու հարցը: Պաշտպանը նաև կոչ է արել «զերծ մնալ եկեղեցիները վնասելուց և նախաձեռնել վերանորոգման աշխատանքներ»:

Ուղիղ մեկ ամիս առաջ Սուրբ Մինաս եկեղեցում շինարարական աղբ և իրենց տանն անպետք առարկաներն էին տեղափոխում հարևանությամբ ապրողները: Տեղի բնակիչներն «Ազատությանն» ասում էին՝ թեև տարիներ առաջ հայկական պատվիրակությունն էր հետաքրքրվել եկեղեցու կարգավիճակով, թեթևակի կարգի էր բերել, բայց «հետևողականության պակասն ակնհայտ է»։

Սուրբ Մինաս եկեղեցու ճակատագրով խիստ անհանգստացած հոգևորականներն ասում են՝ ամեն ինչ պետք է անել եկեղեցին փրկելու համար:

Գևորգ սարկավագը եկեղեցում ի մի էր բերում Վրաստանում հայկական հոգևոր հարստությունների վերաբերյալ իր ուսումնասիրությունները. - «Եթե ուշադրություն դարձնեք, եկեղեցին ամեն ինչով ապահովված է եղել, ունեցել է ավանդատներ, մկրտության ավազան և ավագ խորան»։

Եկեղեցու հարևանությամբ 13 տարի ապրող տարեց կինը դժգոհեց անտարբերությունից. - «Գալիս են, շատ են գալիս, նայում գնում են։ Վրացիք էստեղ ֆաբրիկա բացեցին, կուրտկա էին կարում... Տեսար էլի՝ քանդված-մանդված, ով գալիս է, ասում է հայկական ժամ է.. է հա, խոսքով, բայց չեն կարա ո՛չ սարքեն, ո՛չ էլ... նկարում ու գնում են, բալե՛ս, բայց հարցը չեն լուծում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG