Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հետագայում ադրբեջանական զինծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և նրա մահվան դեպքի կապակցությամբ հայաստանյան իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը և Արթուր Սաքունցը դիմել են Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին և ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեին:
Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ի նամակում հեղինակավոր կազմակերպություններին խնդրել են ձեռնարկել իրենց կարգավիճակից բխող բոլոր հնարավոր միջոցները, որոնք կնպաստեն Կարեն Պետրոսյանի խոշտանգման, ակնհայտ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև վերջինիս մահվան հանգամանքների պատշաճ քննության իրականացմանը:
Դիմումի մեջ նշված են ինչպես այդ կազմակերպությունների, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից բխող գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտ հիմնավորումները:
Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց դիմումում կոչ են անում միջազգային կազմակերպություններին դրսևորել հետևողականություն` գործի անաչառ և լիարժեք ուսումնասիրություն իրականացնելու հարցում:
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն «Ազատության» հետ զրույցում ներկայացրեց դիմումներ ուղարկելու նպատակը:
«Մենք տարիներ շարունակ սովորել ենք, որ լինելով այդ ինստիտուտների անդամը՝ կարծես թե չենք կարողանում բարձրացնենք պետությունների պատասխանատվության հարցը, չենք կարողանում բարձրացնել միջազգային մարդու իրավունքների շրջանակում: Նպատակը դա է եղել, որ հարցը հնչեցնենք այդ մակարդակի վրա և որպեսզի պարտավորեցնենք Ադրբեջանին առնվազն միջազգային իրավունքի ամենատարրական պահանջները իրականացնել», - նշեց Հայաստանի առաջին օմբուդսմենը:
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ միջազգային չափանիշներով անընդունելի է Ադրբեջանի վարքագիծը:
«Ադրբեջանը դիտվում է քաղաքակրթության այսօրվա ընդունելի չափանիշից դուրս: Ադրբեջանը կապում է այդ հարցը այն դեպքի հետ, երբ որ դիվերսանտները անցել են և մարդասպանություն են կատարել Արցախի տարածքում», - ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով․ - «Եվ տվյալ դեպքում Արցախը պահանջել է, որ հաստատվի անձը, որը որ անցել է սահմանը, և այդ դեպքում միայն, ինչպես որ օրենքն է հենց պահանջում, իրենք պատրաստ են բանակցությունների մեջ մտնել և վերադարձնել այդ մարդասպանի դին: Ցավոք սրտի, նրանք [ադրբեջանական կողմը] հավասարության նշան են ուզում դնել Կարեն Պետրոսյանի և դիվերսանտի միջև»: