Կառավարությունը այսօրվա նիստում քննարկեց «Սահմանապահ համայնքների մասին» օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Օրինագծով սահմանվում է «սահմանապահ համայնք» հասկացությունը, մի շարք արտոնություններ են նախատեսվում այդ համայնքների բնակիչների համար:
Իր եզրակացության տեքստում Կառավարությունը ողջունում է նախաձեռնության հեղինակի նպատակադրումը և նշում, որ վարչապետի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջարկությունների հիման վրա կձևավորվի արտոնություն սահմանող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով խնդիրը համապարփակ և ամբողջական լուծում կստանա:
Կառավարությունը նախագծի հեղինակին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և համագործակցել իր հետ` խորհրդարանի քննարկմանը միասնական և ամբողջական նախագծերի փաթեթ ներկայացնելու համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ Կառավարության նախաձեռնած այս օրինագիծը, որն ուղղված է սահմանամերձ համայնքների բնակչության աջակցությանը, պետք է համալրվի խորհրդարանականների ողջամիտ առաջարկություններով և ծառայի իր նպատակին: