Մատչելիության հղումներ

Վիժում առաջացնող դեղամիջոցի ազատ վաճառքը շարունակվում է՝ չնայած արգելքին


Վիժում առաջացնող դեղամիջոցի ազատ վաճառքը շարունակվում է՝ չնայած արգելքին
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00

Մանկաբարձ-գինեկոլոգի խոսքով, մինչդեռ, այս դեղորայքը օգտագործելու հետևանքով կինը կարող է զրկվել երբևէ մայր դառնալու հնարավորությունից։

Չնայած Առողջապահության նախարարությունը այլ դեղամիջոցների թվում արգելել է նաև «Սայտոտեկ»-ի ազատ վաճառքը, Երևանի մի շարք դեղատներում այն դեռ անարգել վաճառվում է:

«Սայտոտեկ»-ը նախատեսված է աղեստամոքսային հիվանդությունների բուժման համար, բայց շատ կանայք առանց բժշկի դեղատոմսի օգտագործում են այն՝ հղիությունը անգամ առողջության համար վտանգավոր ժամկետում ընդհատելու համար:

Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի խոսքով՝ առանց բժշկի հսկողության այս դեղորայքն օգտագործելու հետևանքով բազմաթիվ դեպքերում առատ արյունահոսություն է սկսվել, կանայք զրկվել են երբևէ մայր դառնալու հնարավորությունից:

«Ունեցել ենք դեպքեր, երբ հազիվ կնոջ կյանքը փրկվել է: Օգտագործել էր դեղը և ծանրագույն վիճակում տեղափոխվել ծննդատուն: Արյան փոխներարկում ենք արել, որ հնարավոր լիներ նրա կյանքը փրկել», - ասաց Աբրահամյանը:

Մի քանի տարի առաջ անգամ ոստիկանությունը հաղորդեց «Սայտոտեկ»-ի զոհ դարձած երիտասարդ կնոջ մասին, ով դեղորայքն օգտագործել էր տնային պայմաններում:

Չնայած նման հետևանքներին՝ «Սայտոտեկ»-ը Հայաստանում լայն տարածում ունի: Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2010 թվականին երկիր է ներկրվել դեղամիջոցի 2 հազար 500 տուփ, իսկ մեկ տարի անց այդ թիվն աճել է ավելի քան 10 անգամ:

Մասնագետներին այս վիճակագրությունը չի զարմացնում: Շատ կանայք գերադասում են առավելագույնը 1500 դրամ արժողությամբ դեղով ընդհատել հղիությունը՝ անգամ առողջությանը վնաս հասցնելու գնով, քան վճարել առնվազն 20 հազար դրամ՝ բժշկի միջամտության համար:

Հենց այս պատճառով մեկ ամիս առաջ Առողջապահության նախարարությունը որոշել է արգելել «Սայտոտեկ»-ի ազատ վաճառքը: Չնայած դրան, Երևանի մի շարք դեղատներում «Ազատության»-ը հաջողվեց գնել դեղը և անգամ անվճար խորհուրդներ ստանալ օգտագործման վերաբերյալ:

Դեղատներից մեկում էլ վաճառողը թեև առանց դեղատոմսի վաճառեց դեղամիջոցը, բայց խիստ հրահանգեց՝ առանց բժշկի հսկողության չկիրառել:

Առավել հնարամիտներն էլ կային, ովքեր խորհուրդ տվեցին «Սայտոտեկ»-ը չփնտրել դեղատներում, որովհետև ազատ վաճառքում այն չկա, բայց փոխարենն առաջարկեցին այլ դեղորայք, որը նույնպես արհեստական վիժում է առաջացնում:

Պարզվեց նաև, որ առանց կնիքի ու դեղատոմսի՝ հասարակ թղթի առկայության դեպքում էլ կարելի է գնել արգելված դեղամիջոցը: Դեղատներից մեկում բավարար էր ընդամենը ձեռագրով գրված թուղթ ներկայացնել՝ առանց ապացույցի, որ այն հենց բժիշկն է լրացրել:

Հարց է, թե այս պարագայում, երբ մեզ հանդիպած առնվազն մեկ տասնյակ դեղատներում շրջանցվում է նախարարության որոշումը, ինչպե՞ս է կանխվելու պտղի մահ առաջացնող դեղի սպառումը: Փաստ է, որ խախտումը հայտնաբերելու դեպքում անգամ նախարարությունը չի կարող որևէ պատժի ենթարկել դեղատներին, քանի որ գործող Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նման կետ չկա:

Նախարարությունն այժմ ներկայացրել է օրենսդրական առաջարկ՝ առանց դեղատոմսի արգելված դեղորայքն ազատ վաճառող դեղատներին տուգանել դեղատան շրջանառության հիսնապատիկի չափով: Առայժմ, սակայն, հարց է, թե երբ այն կարժանանա խորհրդարանի հավանությանը և կարժանանա արդյոք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG