Հայաստանի պաշտպանության նախարարության, Առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի և Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտե գրասենյակի միջև այսօր ստորագրվել է «Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու և այլ անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ» արձանագրությունը:
Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի և Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտե պատվիրակության ղեկավար Սառա Էպրեխտի՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներից վերցված կենսաբանական նմուշները կհեշտացնեն անհայտ կորած անձանց որոնումներն ու հայտնաբերումը, կմեծացնեն զոհվածների արտաշիրիմումն իրականացնելու ընթացքում աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը:
Բոլոր կենսաբանական նմուշները կպահպանվեն Հայաստանի առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում` դրանք հարկ եղած պարագայում համապատասխան փորձաքննություն անցկացնելու նպատակով: