Մատչելիության հղումներ

Առաքել Սեմիրջյան. «Բանակն իրականում մասնակցություն է ունեցել մարտի 1-ի դեպքերին»


«Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանն «Ազատություն TV»-ի տաղավարում, 16-ը սեպտեմբերի, 2014թ.
«Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանն «Ազատություն TV»-ի տաղավարում, 16-ը սեպտեմբերի, 2014թ.

«Երբ պարոն Օհանյանը հայտարարում է, որ մասնակցություն չի ունեցել, նայած՝ նա ինչ է հասկանում այդ մասնակցության տակ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանը՝ արձագանքելով Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությանը:

«Եթե նա հասկանում է, որ բանակը տանկերով չի կրակել ցուցարարներին, «Գրադ»-ով չի կրակել Ազատության հրապարակ կամ ականանետով չի սպանել, դա ճշմարտություն է մասնակցության առումով, այսինքն՝ այդպիսի մասնակցություն չի ունեցել բանակը», - շարունակեց Սեմիրջյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե բանակը ներքաղաքական իրադարձություններին չի միջամտել։ «Բանակը կարող է համապատասխան միջոցառումներ իրականացնել միայն ու միայն համապատասխան որոշման դեպքում, համապատասխան ցուցման դեպքում, այն էլ՝ երկրի կարևորագույն օբյեկտների պաշտպանություն իրականացնելու համար։ 2008 թվականին բանակը չի խառնվել», - ասել է նա:

Նախարարի հայտարարությանը Սեմիրջյանը այսպես հակադարձեց. - «Պարտադիր չէ, որ մասնակցությունը միայն այդպես լինի։ Օրինակ՝ եթե գողություն է կատարվում, մինչև գողություն կան մարդիկ, որոնք որ «նավոդկա» են տալիս այդ գողությանը, կամ փողոցում կանգնում և նայում են, թե ինչպես պետք է այդ գողությունը կատարվի։ Կարծես մարդը հայտարարի՝ քանի որ նրանք ուղղակի մասնակցություն չեն ունեցել, նրանք գողության համար որևէ պատասխանատվություն չեն կրում։ Այդ նույն միջոցով, եթե այդ օրինակը բերենք բանակի վրա, բանակն անմիջական մասնակցություն չի ունեցել, սակայն միայն այն բանով, որ նա կանգնած է եղել օլիգարխների թիկնազորերի մեջքի հետևում և նրանց թույլ է տվել, որ կատարեն այդպիսի գործողություններ, դա նշանակում է, որ բանակն իրականում մասնակցություն է ունեցել»։

Սեմիրջյանի խոսքով՝ 2008-ի մարտիմեկյան իրադարձություններին բանակի մասնակցության փաստը նաև ապացուցվում է նրանով, որ զոհերից մեկը՝ Տիգրան Աբգարյանը, ժամկետային զինծառայող էր։

«Ճիշտ է, նա ծառայում էր Ներքին զորքերում, բայց ինքը ժամկետային զինծառայող էր, զորակոչվել էր հայկական բանակ։ Նա զոհվել է և բոլոր զինվորականների աչքի առաջ է զոհվել, և մինչ օրս նրա սպանությունը չի բացահայտվել՝ ի թիվս մնացած սպանությունների», - ասաց Առաքել Սեմիրջյանը։

Հանրահավաքների ժամանակ կոչեր էին հնչում, թե իշխանությունը սա չի մարսելու, պիտի պատասխան տա։ Դիտարկմանը, թե դեպքից անցել է վեց տարի, և քաղաքական ուժերի ասածն այդպես էլ իրականություն չդարձավ, ու, փաստորեն, իշխանությունը մնաց ինչպես որ կար 2008-ին, Սեմիրջյանն այսպես արձագանքեց. - «Եթե վերցնում ենք մեղադրելու առումով, այն ժամանակ էլ ասում էին, որ ընդդիմության լիդերները մեղավոր են նրանում, որ չկարողացան իշխանափոխություն իրականացնել, և նաև հռետորաբանությունն այնպիսին էր, որ նրանք վիրավորական արտահայտություններ են անում Հայաստանի պաշտոնյաների նկատմամբ, ասում էին ավազակապետություն։ Դա նույնն է, ինչպես ասել, որ նայեք՝ մարդը կարճ շրջազգեստ է հագել, և դրա համար էլ հանցագործը նրան բռնաբարել է»։

Հարցին, թե, ի վերջո, հնարավոր կլինի՞ իշխանափոխություն անել հենց Մարտի 1-ի բացահայտման պահանջներ հնչեցնող կուսակցությունների միջոցով, Սեմիրջյանը պատասխանեց. - «Ուշ թե շուտ իշխանափոխություն տեղի է ունենալու, բայց մեր պետության խնդիրն է, որ այդ իշխանափոխությունը շատ արագ իրականացվի, որովհետև առանց սպանությունները բացահայտելու, առանց փոփոխության հույսի մարդը չի կարող։ Ինչո՞ւ է արտագաղթ Հայաստանում՝ որովհետև մարդը չունի փոփոխության հույս, կապ չունի՝ Հանրապետական կուսակցություն է, Դաշնակցություն է, ՀԱԿ է, եթե մարդն ինքը չունի տվյալ իշխանության փոխելու հույս, միակ ելքը տեսնում է արտագաղթը, այդ հույսը պարտադիր պետք է լինի»։

XS
SM
MD
LG