Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ընկերության ավելի քան 60 տոկոսի բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովի նկատմամբ տնային կալանք է սահմանվել։
Եվտուշենկովը կասկածվում է փողերի լվացմանը մասնակից լինելու համար, երբ նրա ղեկավարած «Սիստեմա» ընկերությունը ձեռք է բերել «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը։
«Սիստեմա»-ն իր ղեկավարի նկատմամբ մեղադրանքը անհիմն է որակում։
Ռուսաստանյան լրատվամիջոցները հունիսին գրել էին, թե ռուսական խոշորագույն «Ռոսնեֆտ» ընկերությունը քննարկում է «Բաշնեֆտ»-ը գնելու հարցը։ Արդեն հուլիսին Մոսկվայի դատարանը փողերի լվացման գործի շրջանակներում սառեցրեց «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը։
«Ռոսնեֆտ» ընկերությունը ղեկավարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազդեցիկ օգնական Իգոր Սեչինը։
Արդյունաբերողների և գործարարների ռուսաստանյան միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը Եվտուշենկովի գործը նմանեցրել է ՅՈւԿՕՍ ընկերության հայտնի գործին, սակայն Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ դիտարկումն անհիմն է որակել։