Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր «հատուկ կարգավիճակ» սահմանող օրենք է ընդունել, որով երեք տարով մասնակի ինքնավարություն է տրվում Դոնեցկի ու Լուգանսկի արևելյան տարածաշրջաններին: Օրենքը նաև նախատեսում է, որ դեկտեմբերի 7-ին Դոնեցկում և Լուգանսկում արտահերթ տեղական ընտրություններ կանցկացվեն:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ «հատուկ կարգավիճակ» սահմանող այս օրենքը ապահովում է Ուկրաինայի «ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը»:
Այսօր փակ քվեարկությամբ Ռադան նաև ընդունել է օրենք, որով համաներում է շնորհվում ռուսամետ անջատողականների և կառավարական ուժերի հակամարտության մասնակիցներին: