«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարևորություն ունենալ Հայաստանի համար», - հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր Երևանում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստի բացման խոսքում:
«Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հայ - ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի բազմակի խախտման դեպքերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրականացրած դիվերսիոն գործողությունները, որի հետևանքով եղան մարդկային կորուստներ, վկայում են, որ դրանք կարող են իրական սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության համար: Դատապարտելի են նաև Ադրբեջանի ռազմական ծախսերի հարաճուն չափն ու իշխանությունների կողմից հնչող Լեռնային Ղարաբաղի խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու ռազմատենչ հայտարարությունները», - ասել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը:
«Հայաստանը հետամուտ է Լեռնային Ղարաբաղի խնդրի միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը և կարևորում է վստահության մթնոլորտի հաստատումը` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունները կառուցողական ոգով շարունակելու համար: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմքում պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և այդ իրավունքի իրացումը», - Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ շեշտել է Շարմազանովը:
Կարևորելով բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին ՍԾՏՀ-ի արձագանքելը, Ազգային ժողովի փոխնախագահը նշել է, որ Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է:
«Հայ - թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը: Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք», - ընդգծել է նա:
«1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում 600 հայազգի մտավորականների` գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, Օսմանյան պառլամենտի պատգամավորների և հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել այն պետություններին, կազմակերպություններին և անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնել մեզ համազգային ողբերգության ժամանակ, ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ևս մեկ անգամ կարևորում եմ այս աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից», - հայտարարել է Շարմազանովը՝ շարունակելով․ - «Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից և տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին, Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաև այլ երկրների»:
«Ողբերգական է, որ Ադրբեջանում և Թուրքիայում չեն դադարում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները` չնայած Հայաստանից և միջազգային կառույցների ամբիոններից հնչող մշտական ահազանգերին: Ադրբեջանում տարիներ շարունակ հայկական հուշարձանների ավերման ցավալի վկայությունն է նաև նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով», - ասել է Ազգային ժողովի փոխնախագահը՝ համոզմունք հայտնելով, որ «միջազգային հանրությունը պարտավոր է խստիվ դատապարտել նման բարբարոսական քայլերը, դրանք ուղղված են ոչ միայն հայկական, այլ նաև համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացմանը»: