Իրավապաշտպանները, նկատի ունենալով նորաստեղծ Քննչական կոմիտեի ղեկավար պաշտոնները հանրությանն իրենց գործելաոճով հայտնի անձանց վստահելու՝ Սերժ Սարգսյանի որոշումը, հայտարարում են, որ արդեն իսկ պարզ է՝ Քննչական կոմիտեն չի կարող լինել անկախ:
Անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանի հրամանագրով Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվեց նախկինում մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Նա միաժամանակ զբաղեցնելու է Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնը:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արամ Թամազյանն՝ ազատվելով գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Արամ Թամազյանը, հիշեցնենք, նախագահի և խորհրդարանի վերջին ընտրությունների ժամանակ համակարգում էր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներին իրավական գնահատական տալու գործընթացները: Թեև համապետական ընտրությունների ժամանակ ընտրախախտումների վերաբերյալ հայտարարությունների պակաս չկար, հանրությանը մինչ օրս հայտնի չէ, թե քանի ընտրախախտում կատարած անձ է պատժվել:
Քննչական նորաստեղծ կոմիտեի ղեկավարի մյուս տեղակալի պաշտոնը ստանձնել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայության նախկին պետ Արմեն Հարությունյանը: Նա միաժամանակ զբաղեցնելու է կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնը: Իրավապաշտպաններն այս նշանակումը ևս համարում են տարօրինակ՝ նկատի ունենալով բանակում տեղի ունեցած հանցագործությունները տարիներ շարունակ չբացահայտելու հանգամանքը:
Երկու ամիս առաջ Սերժ Սարգսյանը Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը վստահել էր նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Այսպիսով, Քննչական կոմիտեն համալրվել է իրավապահ համակարգում երկար տարիներ աշխատած հանրահայտ անձանցով: Ի՞նչ կարող է փոխվել իրավապահ առաքելություն ունեցող մի մարմնից մյուսը պաշտոնյաներ տեղափոխելու հետևանքով:
Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ միայն այն հանգամանքը, որ մարտի 1-ի գործի ապարդյուն նախաքննությունը տարիներ շարունակ ձգձգվել է օրերս նոր պաշտոն ստացած Վահագն Հարությունյանի օրոք, բավարար է վստահ լինելու համար, որ Քննչական կոմիտեում նա իր գործունեությունը կշարունակի նույն կերպ։
«Չկա որևիցե հիմնավորում, որ կարելի է վստահել նման մարդուն, ով մարտի 1-ի հանցագործության, պետական մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ այդ քրեական գործն էր ղեկավարում։ Նա կատարել է քաղաքական իշխանության պատվերը։ Որևէ վստահություն այդ քննության անաչառության և օբյեկտիվության առնչությամբ չկա»,- ասաց իրավապաշտպանը։
Իսկ ի՞նչ նոր աշխատաոճ պետք է դրսևորի նախկինում Պաշտպանության նախարարության քննչական ծառայության նախկին պետ Արմեն Հարությունյանը, հարցրեց Սաքունցը՝ հավելելով, որ մի շարք հանցագործությունների կապակցությամբ հրամանատար կազմի ներկայացուցիչները մնացել են անպատիժ:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ արդեն պարզ է Քննչական կոմիտեն ինչ վարք է դրսևորելու.- «Կարծում եմ՝ Աղվան Հովսեփյանը ցույց տվեց, թե ինչպիսին է լինելու այդ կոմիտեն։ Նա հայտնի է լայն հանրությանը տարիներ շարունակ ղեկավարելով Գլխավոր դատախազությունը և կոծկելով բոլոր աղմկահարույց գործերը։ Վերջին նրա հայտարարությունը՝ որպես Քննչական կոմիտեի նախագահ, որ մարտի 1-ի հանցագործությունը բացահայտվել է, որևէ գնահատականի արժանի չէ։ Բացահայտ նայելով հանրության աչքերի մեջ՝ ստում է»։
Արթուր Սաքունցը հետևյալ բացատրությունն ունի Քննչական կոմիտեի ղեկավարության ընտրության կապակցությամբ.- «Ոչ լեգետիմ իշխանությունը իր ոչ լեգիտիմությունը ապահովելու համար նման քայլերով է ամրապնդվում՝ պետական կառույցները օգտագործելով սեփական շահերի համար։ Նշանակվում են այն մարդիկ, ովքեր բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը քաղաքական իշխանությանը»։
Քննչական կոմիտեի ստեղծման ջատագովները ժամանակին հայտարարում էին, թե այս նոր կառույցն անհրաժեշտ է իշխանություններից քննչական մարմինների անկախությունն ապահովելու համար: