Մատչելիության հղումներ

Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակման գործն առանց ձերբակալվածի և տուժողի


Armenia - The Armenian St. Echmiatsin church in Tbilisi, 10 September 2014
Armenia - The Armenian St. Echmiatsin church in Tbilisi, 10 September 2014

Վրաստանի ոստիկանության մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ քրեական գործ է հարուցվել Լևոն Իսախանյանին ծեծելու փաստի առթիվ:

Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու ներկայացուցիչների և հավատացյալների վրա ավելի քան մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած հարձակման կապակցությամբ ձերբակալվածներ չկան: Այս մասին եկեղեցու ներկայացուցիչներն ասացին «Ազատության» հետ զրույցում:

Վրաստանի ոստիկանության մամուլի խոսնակ Նինո Ջիորջիոբիանին «Ազատության» գրավոր հարցերին ի պատասխան նշել է, թե մինչև նախաքննության ավարտը չի կարող տեղեկություն տրամադրել, թե կան արդյոք ձերբակալվածներ և ովքեր են, քանի անձ է տուժող ճանաչվել, խմբակային հարձակման մասնակիցներից քանիսն են ձերբակալվել, տեղի են ունեցել արդյոք առերեսումներ:

Եկեղեցու ներկայացուցիչներն «Ազատությանը» տեղեկացրել են, որ մարմնական վնասվածքներ ստացած հոգևորական Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը Վիրահայոց թեմի իրավաբանական բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը և տնտեսվար Ռոբերտ Իսախանյանը ոչ թե տուժողի, այլ վկայի կարգավիճակում են:

Ծե՞ծ, թե՞ կրոնական անհանդուրժողականություն

Վրաստանի ոստիկանության մամուլի խոսնակն «Ազատության» գրավոր հարցին պատասխանել է, որ Վիրահայոց թեմի իրավաբանական բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանին ծեծելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով՝ «ծեծ, որն առաջացրել է ֆիզիկական ցավ, առանց ծանր հետևանքների»: Այս հոդվածը, ըստ վրացական օրենսդրության, նախատեսում է տուգանք կամ հանրօգուտ աշխատանքի հարկադրում՝ 120-180 ժամ տևողությամբ, կամ ուղղիչ աշխատանքի հարկադրում՝ ոչ ավելի, քան 15 ամիս տևողությամբ կամ առավելագույնը երկամսյա ազատազրկում:

Մինչդեռ Վիրահայոց թեմը վկայակոչել էր հարձակումից տուժածների անհամեմատ ավելի լայն շրջանակ: Ըստ դեպքին հաջորդած հաղորդագրության, մի խումբ անձինք դաժանորեն ծեծելով՝ մարմնական վնասվածքներ են հասցրել հոգևորականներին և Առաջնորդարանի աշխատակիցներին, ուժ են կիրառել նաև այդ պահին եկեղեցուց դուրս եկած մկրտության մասնակիցների նկատմամբ, որոնց մեջ եղել են կանայք և երեխաներ:

Վիրահայոց թեմը իրավապահներից պահանջել էր դեպքը հետաքննել որպես կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործություն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանում ազգային և կրոնական նշաններով ցանկացած պառակտում կանխելու նպատակով: Սակայն, փաստ է, որ քրեական գործն այս պահին այլ հոդվածով է հարուցվել:

Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ միջադեպը տեղի է ունեցել ազգային անհանդուրժողականության պատճառով:

«Առիթը եղել է շատ հասարակ մի բան՝ մեքենան կայանելու հետ կապված, բայց հետո, երբ մոտ 50 հոգուց կազմակերպված խումբը գալիս և տուրուդմփոց է ստեղծում եկեղեցու առջև, դա արդեն մենք ընդունում ենք որպես կազմակերպված հարձակում», - ասաց մամլո բաժնի տնօրենը՝ շարունակելով․ - «Հարբած չեն եղել, բայց օպերատորի ուսը պատռվել էր, որովհետև խփել էին գարեջրի շշով: Օպերատորը հրաժարվեց դատական բժշկի դիմել, բայց երբ մեր իրավաբանական բաժնի ղեկավարին շատ խիստ ծեծել էին, նա իհարկե դիմեց դատական բժշկի: Նրան երեք անգամ գետնել էին, լավ ծեծել էին»:

Վիրահայոց թեմի իրավաբանական բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրեն հարցաքննության են հրավիրել երկու անգամ, վերջին հարցաքննությունը եղել է հուլիսի վերջին:

«Շատ էին հարձակվողները, 10-ից ավել կլիներին: Դատաբժշկի մոտ որ գնացի, ասաց որ որևէ վնասվածք չունեմ՝ ուղեղի հետ կապված, ուղեղի ցնցում չեմ ստացել: Մարմնի և դեմքի վրա երևում էր, թե որտեղ է խփած տեղերը: Առերեսում չի եղել: Ընդհանրապես էդ մարդիկ շատ ազատ ձևով ման են գալիս և այլն», - ընդգծեց ծեծի ենթարկված իրավաբանական բաժնի ղեկավարը:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը պատմեց վրացական կառավարության ներկայացուցիչների հետ եկեղեցու առնչությունների մասին:

«Հունվարի 6-ին ամեն տարի գալիս են վերադաս մարմիններից մեզ շնորհավորելու և պատարագին մեր կողքին կանգնելու: Սա մասնավոր դեպք էր, բայց եթե մասնավորի դեմը չառնես, դա կարող է ավելի ընդհանուր դառնալ», - նշեց Խաչատրյանը:

2014 թվականի հուլիսին ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն ընդունեց բանաձև, որտեղ հորդոր կար, որ Վրաստանի իրավապահ մարմինները պարտավոր են պատժել էթնիկ կամ կրոնական անհանդուրժողականության տարրեր պարունակող միջադեպերի մասնակիցներին:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին հուլիսի 22-ին, դատապարտելով հայկական եկեղեցու վրա տեղի ունեցած հարձակումը, պահանջել էր արդյունավետ քննություն ապահովել, խուսափել իրավիճակի հետագա շիկացումից: Ըստ պաշտպանի՝ անհրաժեշտ է կանխել անհանդուրժողականության նոր ալիքը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ այս գործի քննությանն ուշադիր հետևում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը: Հայկական եկեղեցու հետ կապված միջադեպից մոտ մեկ ամիս առաջ Վրաստանում Հայաստանի դեսպան էր նշանակվել աշխարհառչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG