Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, «որտեղ նա հանդիպումներում ազդեցիկ և արդյունավետ ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը»:
Այսպիսի հայտարարություն դեսպան Հեֆերնն արեց այսօր երեկոյան՝ Թոմաս դե Վաալի «Սև այգի» գրքի հայերեն նոր հրատարակության առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:
«Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Քերրին առիթ ունեցավ հանդիպել նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ այն նպատակով, որ հակամարտության լուծման ուղղությամբ ջանքեր ձեռնարկվեն», - շարունակեց Ջոն Հեֆերնը՝ ընդգծելով․ - «Այս խնդրում ՆԱՏՕ-ն առաջնորդող դերակատարում չունի, այս հարցում առաջնորդող դերակատարությունը պատկանում է ԵԱՀԿ-ին: ՆԱՏՕ-ն սատարում է ԵԱՀԿ-ին, ընթացող գործընթացը և այն սկզբունքները, որոնք միտված են այս հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Դեսպան Հեֆերնին հարցրինք, թե հաշվի առնելով Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի մասնակցությամբ Սարգսյան - Ալիև հանդիպումը և Նյու Յորքում սպասվող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ արդյոք պետք է ԱՄՆ-ից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից նոր առաջարկներ սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«Ուելսում կայացած հանդիպումը շատ կարևոր էր, քանի որ նախագահներն ու պետքարտուղար Քերրին հանդիպեցին: Պետքարտուղար Քերրին կարևոր հնարավորություն ունեցավ անձնապես ներգրավվելու բանակցություններում և նա գնահատեց այդ հնարավորությունը: Մենք գնահատում ենք, որ երկու նախագահներն էլ ժամանեցին Ուելս: Սակայն հստակ չէ, որ երկու նախագահները կլինեն Նյու Յորքում, վստահ չեմ, որ Նյու Յորքում հանդիպում կլինի»:
«Հասկանում եմ, որ հանդիպում կլինի հոկտեմբերի վերջին Ֆրանսիայում, օրը ես չգիտեմ: Մենք կարծում ենք, որ երկու ղեկավարների հաջորդ հանդիպումը կլինի Ֆրանսիայում ինչ-որ տեղ՝ նախագահ Օլանդի հրավերով: Այս պահին ԵԱՀԿ Մինսկի համանախագահները շատ նոր բաներ չեն պատրաստում: Ուրվագիծը արդեն պարզ է ու հստակ, այժմ խնդիրն այն է, որպեսզի երկու ղեկավարները համաձայնեն նստել նույն սեղանի շուրջ և առաջընթաց գրանցեն հակամարտությունը քայլ առ քայլ լուծելու ուղղությամբ», - ասել է Հեֆերնը՝ հավելելով․ - Չեմ կարծում, որ առաջարկներ կներկայացվեն: Նպատակը այն է, որ կողմերը հանդիպեն և համակարգված ձևով փորձեն ճանապարհ գտնել հակամարտության լուծման համար»: