Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քառյակի անունից առաջարկեց անհապաղ հրավիրել խորհրդարանական լսումներ ահագնացող արտագաղթի շուրջ: ՀԱԿ-ը, ԲՀԿ-Ն և «Ժառանգություն»-ն այսօր հայտարարեցին նաև, որ չեն մասնակցի Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:
Ընդդիմադիրներին խայթելու, ուրիշի փոխարեն քվեարկելու, պատգամավորական աշխատանքը միայն քվեարկությունը համարելու ավանդույթները խորհրդարանում շարունակվում են: Այսօր էլ սեղմվեցին բացակա պատգամավորների կոճակներ: Այս անգամ ուրիշի փոխարեն որոշել էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները․ Ռուբեն Գևորգյանը և Տիգրան Ստեփանյանը թույլ չտվեցին, որ նկատվի գործընկերների բացակայությունը: Ընդդիմադիրների առաջարկները կրկին խստագույնս քննադատվեցին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պահանջեց աղետալի չափերի հասնող և երկրի անվտանգությանը սպառնացող արտագաղթի թեման դարձնել քննարկման առարկա․ - «Երկրից, համաձայն պաշտոնական վիճակագրության և ոչ-չարամիտ ընդդիմության պնդումների, 2008-2013 թվականներին հեռացել են 212 հազար մարդ: Հայաստանի ամբողջ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խաղաղ պայմաններում բնակչությունն արտագաղթում է: Մենք պահանջում ենք Ազգային ժողովի նախագահից, օգտագործելով Կանոնակարգի 18-րդ կետով տրված լիազորությունները, անհապաղ հրավիրել Ազգային ժողովի լսումներ այդ անհետաձգելի հարցով: Ի դեպ, այս առաջարկը անում եմ նաև քառյակի անունից»:
Ռուբիկ Հակոբյանը («Ժառանգություն») խորհրդարանի խոսնակին հիշեցրեց․ - «Պարոն Սահակյան, միասին էին, որ [սահմանամերձ շրջաններ այցելության ժամանակ] փաստվեց այն մասին, որ մի քանի տարի առաջ դպրոցում (անունը չտամ, Դուք գիտեք) 30 առաջին դասարանի աշակերտ է գրանցվել: Այս տարի ընդամենը մեկն է գրանցվել: Մենք իրավունք չունենք այս՝ ազգային անվտանգությանն ուղղակիորեն խփող փաստը չարծարծենք»:
Արամ Մանուկյանը (ՀԱԿ) վերջնական որոշումը թողեց Հանրապետականին՝ բաց թե փակ կարգող, երբ և որտեղ կուզեք, միայն թե արտագաղթի թեման քննարկվի:
Այս ամենը լսելուց հետո Գալուստ Սահակյանը հայտարարեց․ - «Եթե արդեն դուք գնահատական եք տալիս ինչի հետևանք է, էլ ի՞նչը պիտի քննարկենք»:
Միացյալ Նահանգներից վերադարձած Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») հորդորեց Հանրապետականին Ազգային ժողովի օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունները:
«Խոցելի մեծամասնություն եք, ե՞րբ եք դուրս մղելու այդ օրակարգից», - ասաց նա, ինչին խորհրդարանի խոսնակը հակադարձեց․ - «Խոցելի փոքրամասնությանը ասեմ, որ հարցը համարում եմ հռետորական հարց: Եթե խնդիր լինի դուրս գալու, դուք բոլորդ կիմանաք: Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում հարցնել, ես կարծում եմ, որ այս պահին նպատակահարմար չէ»:
Այս արձագանքը, սակայն, չբավարարեց Արտաշես Գեղամյանին: «Ազգային միաբանության» ղեկավարը որոշեց կանգնել հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգից հանելու իրավասություններ ունեցող նախագահ Սերժ Սարգսյանի մեջքին՝ վկայակոչելով ռուսաստանյան կայքէջերից մեկում հրապարակած վերլուծությունը:
«Խոսքն այն մասին է, որ ցանկացած հարցադրում, որ այստեղ հնչում է հայտնի մարդկանց կողմից, եթե հանկարծ Ազգային ժողովը հեռատեսություն չունենա և գնա թասիբով տղային ներհատուկ արձագանքներին, ապա մենք երբեք չէինք հասնի այն մակարդակի, երբ շատ լուրջ վերլուծաբան Ստանիլսավ Տարասովը մի շարք օրինակներ է բերում, վերջում եզրակացության գալիս՝ Սերժ Սարգսյանը կրկին առավելության է հասնում Ալիևի ու Էրդողանի նկատմամբ», - հավելեց Գեղամյանը:
Այն բանից հետո, երբ իշխող Հանրապետականը խորհրդարանի Հաշվիչ հանձնաժողովում ավելացրեց ներկայացուցիչների թիվը՝ ընդդիմության զրկելով հանձնաժողովի աշխատանքների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունից, ոչ իշխանական քառյակի ուժերից երեքը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգություն»-ը որոշել են անդամներ չունենալ Հաշվիչ հանձնաժողովում, որի 13 անդամներից 7-ը ներկայացնում են ՀՀԿ-ն:
«Քանի որ Հաշվիչ հանձնաժողովի կազմը ենթադրում է և թելադրում է մեկ քաղաքական ուժի դոմինանտություն՝ խախտելով ուղղակիորեն ցանկացած բազմակարծություն, «Բարգավաճ Հայաստան»-ը ևս շարունակելու է այսկերպ ձևավորված Հաշվիչ հանձնաժողովում չներկայացնել որևէ ներկայացուցիչ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Հաշվի առնելով, որ մի շարք մեքենայություններ եղան տարբեր ընտրական գործընթացների ժամանակ, Հայ ազգային կոնգրեսը Հաշվիչ հանձնաժողով ներկայացուցիչ չի ուղարկելու և չի մասնակցելու ապօրինություններին և կեղծարարությանը», - հայտարարեց Լևոն Զուրաբյանը: