Մատչելիության հղումներ

«Կուտակայինի հարցում կառավարությունը նորից խտրականություն է դնում»


«Կուտակայինի հարցում կառավարությունը նորից խտրականություն է դնում»
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00

Բուհերում աշխատատողները, որոնք այդտեղ հիմնական աշխատող չեն, պետք է ևս հնարավորություն ունենան հրաժարվելու պարտադիր սոցիալական վճարից, հայտնել է վարչապետը։

Այս մասին այսօր հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ՝ նշելով, որ վերջին օրերին նամակներ է ստացել բուհերի երիտասարդ դասախոսներից և գիտի պետական բուհերից երիտասարդ կադրերի արտահոսքի մասին:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ այս հարցով ինքն անձամբ է դիմել վարչապետին: Կրթության ոլորտի պատասխանատուն ևս սպասում է ֆինանսների նախարարության պատասխանին, այդուհանդերձ, մի բան իր համար հստակ է, որ օրենսդրական փոփոխություններ չեն լինելու:

«Կարծեք թե հաշվառման համակարգի փոփոխության խնդիր է ծագում, և հարցը, ես վստահ եմ, վարչապետի հանձնարարականից հետո շատ արագ լուծվելու է: Մտահոգություն էր մեզ համար, որովհետև խաթարում էր բուհերի երիտասարդացման գործընթացը, խզում էր մասնավոր հատվածի հետ կապը: Օրենսդրական փոփոխությունների խնդիր չկա, ժամկետների առումով սպասենք ֆինանսական գերատեսչության արձագանքին», - ասաց Արմեն Աշոտյանը:

Պետական բուհերի հետ պայմանագիր վերակնքել չցանկացող դասախոսների համար, այդուհանդերձ, վարչապետի այսօրվա հայտարարությունն այնքան էլ հուսադրող չէր:

Հայ-ռուս սլավոնական համալսարանի 6 տարվա դասախոս Սուրեն Էյրամջյանը ընդամենը մեկ բան է հասկացել՝ կառավարության նոր որոշման մեջ ևս խտրական տարրեր են լինելու:

«Խոսքը բոլոր նրանց մասին էր, ովքեր համատեղությամբ են աշխատում, բայց հիմնական աշխատանքը չի համարվում պետականը: Կրկին մասնատում է առաջացնում, օրինակ, ես ունեմ ընկերներ, ովքեր դասավանդում են, բայց նրանց հիմնական աշխատանքը համարվում է պետական հիմնարկությունը: Հետևաբար՝ մասնավորից արդեն ազատվելու այս տարբերակը չի թողնում: Եվ երկրորդ թերությունը, որ ես տեսա, կրկին բուհերին վերաբերող հարցն էր, բայց էստեղ կա նաև Գիտությունների ազգային ակադեմիան, որը ևս ՊՈԱԿ է և դրան առնչվող բոլոր հետազոտական ինստիտուտները ևս, որոնց աշխատակիցներից շատերը կրկին համատեղությամբ են աշխատում: Նրանք էլ են մտահոգված», - նշեց Սուրեն Էյրամջյանը:

Նա Սլավոնական համալսարանում աշխատում է ժամավճարով, եկամտի աղբյուրը ոչ թե դասախոսությունն է, այլ մասնավոր աշխատատեղից ստացած գումարը: Բուհի ղեկավարությունը երիտասարդ դասախոսներին խնդրել է մի փոքր էլ սպասել՝ հուսալով, որ առաջիկա օրերին իշխանությունը խնդրին լուծում կտա:

Հարկ է նշել, որ Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը դեռ երկու օր առաջ էր հայտարարել, որ պարտադիր վճարների գանձումը սկսվելու է սեպտեմբերի 3-ից, սակայն բուհերում կարծես թե հաշվապահները դեռ չեն շտապում պահումներ անել՝ թերևս սպասելով ֆինանսների նախարարության արձագանքին:

Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ վարչապետի հանձնարարականը աշխատանքային քննարկման փուլում է, որոնց ավարտին միայն նախարարությունը իր վերջնական դիրքորոշումը կհայտնի: Առավել հստակ ժամկետներ նախարարությունից չեն նշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG