Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր քրեակատարողական հիմնարկների վարչությունում ներկայացրեց վարչության նոր պետին՝ Արթուր Օսիկյանին:
Վերջինս ավելի վաղ ոստիկանապետի տեղակալն էր: Քրեակատարողական հիմարկների վարչության նախկին պետը՝ Հայկ Հարությունյանը կալանավայրերի վարչությունը ղեկավարել է 4 տարի: Նա ավելի վաղ Հայաստանի ոստիկանապետն էր:
Մի շարք քրեական գործերից հայտնի է, թե ինչպես է ոստիկանությունում բռնություն գործադրվում ավելի ուշ կալանավայրեր տեղափոխվող քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանական համակարգից քրեակատարողական հիմնարկների վարչություն տեղափոխված հերթական պաշտոնյան՝ բարեփոխումների հայեցակարգերով հայտնի Արթուր Օսիկյանն ի՞նչ նորարարություններ կարող է ապահովել կալանավորների, իրավապաշտպանների դժգոհություններին արժանացող համակարգում:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողներին այսօր ասաց, թե պետք է ապահովել մարդկային պայմաններ: «Թիվ մեկ խնդիրը պետք է լինի դատապարտյալի համար այնպիսի պայմանների ապահովումը, որպեսզի մարդը կրի իր պատիժը, որը ստացել է, այսինքն՝ ազատությունից զրկում, և դա իր հետ չբերի որևէ բացասական հետևանք մարդու համար», - նշեց նախարարը:
Խոստումների պակաս չի եղել նաև նախկինում: Տարիներով իրականացված դատաիրավական համակարգի «բարեփոխումների» արդյունքը վերջերս դատարանում ներկայացրել էր նոյեմբերի 5-ին «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով Շանթ Հարությունյանի պայքարին միացած պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը:
Պահեստազորի փոխգնդապետը դատարանում արտահայտել էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տիրող անմարդկային պայմանների վերաբերյալ իր և մյուս կալանավորների զայրույթը.- «Մի հատ եկեք նայեք ոնց ենք ապրում այնտեղ: Ո՞նց ա ձեր համար՝ օրը 5 րոպե ջուր տան, հազիվ երկու շիշ լցնենք, ըտենց էլ խմենք: Էս շոգին 6 տղամարդ՝ 4 հոգանոց կամեռի մեջ: Ռազմագերիներին սկի տենց չեն պահում, ոնց որ մեզ: Կալանավայրերում էլ տեղ չկա, մարդիկ սմենով են քնում: Բայց ինչքա՞ն անմեղ մարդիկ կան, որ էսօր այ էդ ոստիկանական բեսպրեդելի համար նստած են»:
Հարցին, թե արդյոք այս հայտարարությունից հետո Արդարադատության նախարարն այցելել է համապատասխան կալանավայր, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, թե ինքը չի այցելել, բայց «համապատասխան ծառայությունները զբաղվում են, և ծառայության նոր ղեկավարը այդ հարցը ևս ուշադրության կենտրոնում կպահի»:
Իսկ քրեակատարողական հիմնարկների վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանն ինչպե՞ս է արձագանքում այս հայտարարությանը. - «Որևէ առանձին դեպքով այժմ չեմ կարող տեղեկություն տալ, բայց հավաստիացնում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որ բոլորի նկատմամբ օրենքի շրջանակներում լինի արդար մոտեցում: Անձամբ հետամուտ եմ լինելու, որ ինչքանով որ կբավարարի աշխատանքային գրաֆիկը, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանամ բոլոր խնդիրներին»:
Դիտարկմանը, թե եթե չհաջողվի դա անել, արդյոք հեշտությամբ կհեռանա պաշտոնից, նորանշանակ պաշտոնյան արձագանքեց՝ «Կարծում եմ, կստացվի»:
Ավելի վաղ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդներն էին վկայել, որ անմարդկային պայմաններ են նաև Գորիսի, Վանաձորի և մի շարք այլ բանտերում:
Արթուր Օսիկյանն արդյունքների մասին խոստումները կապում է մոտ ապագայի հետ՝ նշելով, թե մինչև տարեվերջ արդյունք կլինի:
Փաստաբաններն ու դիտորդները վկայում են, որ կալանավայրերի աշխատակիցները դատապարտյալների բջջային հեռախոսները վերցնում են նրանց ձեռքից, հետո կրկին վերադարձնում՝ ոչ իհարկե միայն դատապարտյալների գեղեցիկ աչքերին նայելու պայմանով:
Պատասխանելով «Ազատության» հարցին, թե նախարարությունը կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով համապատասխան քայլի երբ կդիմի, նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց. - «Մենք ուզում ենք լավագույն համաշխարհային փորձը ուսումնասիրել, հասկանալ, թե որն է այն թույլատրելի սահմանը, որ մենք կարող ենք դատապարտյալին օրինական հնարավորություն տանք՝ շփվելու արտաքին աշխարհի հետ: Երբ մենք որոշեցինք էդ սահմանը, թե ինչքանով կարող է հասանելի լինի մարդու համար հեռախոսային, ինտերնետային կապը, մենք համապատասխան օրենսդրական կարգավորումներ կներկայացնենք: Կարծում եմ մինչև տարվա վերջ արդյունքներ կունենանք»:
Հովհաննես Մանուկյանը լրագրողների հարցին ի պատասխան չբացատրեց, թե ինչու պաշտոնից ազատվեց կալանավայրերի վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանը: