Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է Հայաստանի քաղաքացու գերեվարման փաստը


Սարգիս Նորիկի Անանյանը
Սարգիս Նորիկի Անանյանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանի քաղաքացու գերեվարման փաստը։

Ադրբեջանական ռազմական գերատեսչության կայքէջը փոխանցում է, որ 53-ամյա Սարգիս Նորիկի Անանյանը, օգոստոսի 26-ին հատելով հայ-ադրբեջանական սահմանը, հայտնվել է Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի տարածքում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե նախնական քննությամբ պարզվել է, որ Սարգիս Անանյանը դժգոհ է Հայաստանի ծանր սոցիալական վիճակից, այդ պատճառով էլ հատել է սահմանը։

Ըստ ադրբեջանական աղբյուրի, Անանյանը առողջական վիճակի պատճառով 10 տարեկանից կրթություն չի ստացել, պիտանի չի եղել զինվորական ծառայության համար և ստիպված է եղել վարձու աշխատանք կատարել։

Ադրբեջանական ռազմական գերատեսչության կայքում նաև նշվում է, որ Հայաստանի գերեվարված քաղաքացին գտնվում է բժշկական հսկողության տակ ու նրա հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Հիշեցնենք, ադրբեջանական լրատվամիջոցները Հայաստանի քաղաքացու գերեվարման մասին գրել էին օգոստոսի 26-ին, սակայն լուրը պաշտոնապես չէր հաստատվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG