Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ում Թուրքիայի նախագահի հետ մեծ հույսեր չեն կապում


Անկարայում Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի պաշտոնակալության արարողությունից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել Էրդողանի հետ:

Ինչպես տեղեկացնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը, Նալբանդյանը Էրդողանին հանձնել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

Իշխող Հանրապետական կուսակցությունում Սերժ Սարգսյանի այս քայլը համարում են կոչ պաշտոնական Անկարային ՝ Հայոց ցեղասպանության ճշմարտությանը նայել ուղիղ աչքերով։

Ինչպես մեզ հետ զրույցում մեկնաբանեց հանրապետական պատգամավոր, Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, եթե Հայաստանը Էդվարդ Նալբանդյանի մակարդակով համաձայնեց մասնակցել Թուրքիայի նախագահի պաշտոնակալման արարողությանը, ապա ճիշտ չէր լինի նմանատիպ քայլ չանելն ու հրավեր չհանձնելը:

«Պետք է յուրաքանչյուր հայ մարդ հասկանա, որ մենք, ընդունելով այն փաստը, որ մենք հարևան ենք Թուրքիայի հետ, նաև լինելով նախաձեռնողը հայ-թուրքական հարաբերությունների, միևնույն ժամանակ ևս մեկ անգամ ցույց ենք տալիս, որ մենք չենք մոռացել և թույլ էլ չենք տա մոռանալ 1915 թվականի Մեծ Եղեռնը, և նամակը հանձնելու կամ հրավերը հանձնելու քայլը պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից, որպեսզի այսօրվա Թուրքիայի նորընտիր նախագահը կարողանա ուժ գտնել և պատմությանը նայել ուղիղ աչքերով», - ասաց Սահակյանը:

Ըստ պատգամավորի, եթե Էրդողանը ընդունի հրավերը, դա կլինի սառույցը տեղից շարժելու առաջին քայլը:

«Բայց, իհարկե, մենք Թուրքիայի և նրա նախագահի հետ մեծ հույսեր չենք կապում: Դա պետք է լինի միջազգային հանրության ճնշման ներքո, կամ թուրք ժողովուրդը այնպիսի մի քաղաքակրթական վերելք է ապրելու, որ ուղիղ կանգնի և ասի, որ այո՛, եղել է՝ ինչպես դա արեց Գերմանիան՝ կապված Հոլոքոստի հետ», - հավելեց նա:

Ընդդիմադիր քաղաքական ուժերից Հայ հեղափոխական դաշնակցությունում այսօր վերահաստատեցին ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի մակարդակով նախօրեին արված հայտարարությունը, որ գործընթացը չի կարելի ողջունել, հատկապես, եթե այն նպատակ է հետապնդում վերակենդանացնել Հայաստան - Թուրքիա արձանագրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG