Մատչելիության հղումներ

Պուգաչովան աջակցություն է հայտնել Մակարևիչին


Ռուսաստանյան շոու բիզնեսի թագուհի համարվող Ալլա Պուգաչովան նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ուշադրության հրավիրելով ռոք-երաժիշտ Անդրեյ Մակարևիչի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք՝ օրեր առաջ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը առաջարկել է Անդրեյ Մակարևիչին զրկել բոլոր պետական կոչումներից ու շքանշաններից: Պատգամավորի նախաձեռնությանն արդեն դեմ է արտահայտվել Ռուսաստանի օմբուդսմեն Ելենա Պանֆիլովան՝ փաստարկելով, որ կոչումներն ու պարգևները Մակարևիչը ստացել է անցյալի գործունեության համար:

Պուգաչովան ևս Պուտինին հիշեցնում է, որ կոչումներն ու պագևները Մակարևիչը ստացել է Ռուսաստանի ժողովրդի կողմից՝ իր մշակութային գործունեության համար, և ոչ թե քաղաքական ակտիվության:

Ռուսաստանյան մամուլում և համացանցում, ինչպես նաև քաղաքական շրջանակների կողմից Մակարևիչի դեմ արշավը սկսել է այն բանից հետո, երբ ռոք երաժիշտը ուկրաինացի փախստականների համար համերգ է տվել Ուկրաինայի իշխանությունների հսկողության տակ գտնվող Սվյատոգորսկում: Հանրահայտ երգիչն իր ելույթներում բազմիս հայտարարել է նաև, որ չի պաշտպանում նախագահ Պուտինի քաղաքականությունը Ուկրաինայի հարցում: Մասնավորապես, նրա կարծիքով, Ռուսաստանի քաղաքականությունը Ղրիմի հարցում «անօրինական է»:

Երգչուհի Ալլա Պուգաչովան Պուտինին հղած իր նամակում նշում է, որ Մակարևիչը լիակատար իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և նրան դատապարտել դրա համար, առավել ևս զրկել վաստակած կոչումներից՝ անընդունելի է:

Պուգաչովայի այս նախաձեռնությանն են միացել նաև այլ հայտնի ռուսաստանցի արվեստագետներ, հասարակական գործիչներ, ինչպիսիք են, օրինակ՝ Լիա Ախեջակովան, Աննա Տերեշկովան, Իրինա Պրոխորովան: Նամակի հեղինակը Մակարևիչին համեմատում է գրող Բորիս Պաստերնակի, գիտնական Անդրեյ Սախարովի հետ:

XS
SM
MD
LG