Մատչելիության հղումներ

Ճշտվում են Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տան փլուզման պատճառները


Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տան փլուզման պատճառները դեռ ճշտվում են
please wait

No media source currently available

0:00 0:02:49 0:00

Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տան փլուզման պատճառները դեռ ճշտվում են

Երեկ երեկոյան Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տան փլուզումը տեղի է ունեցել շինարարական աշխատանքների ընթացքում: Պատճառներն առայժմ հայտնի չեն:

Փլուզման հետևանքով, հիշեցնենք, մահացել է 1983 թվականին ծնված մի երիտասարդ, մեկ ուրիշը մարմնական վնասվածքներ է ստացել: Զոհվածի մասին լրացուցիչ տեղեկություններ պատկան մարմինները դեռևս չեն հաղորդում:

Հիշյալ տան բնակիչներն այսօր չցանկացան որևէ կերպ մեկնաբանել եղածը:

Հարևանները մեզ պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել շինարարական աշխատանքների ընթացքում: Ինչպես զոհվածը, այնպես էլ մարմնական վնասվածքներ ստացածը բանվորներ են եղել, ովքեր փորձել են վերանորոգել այդ տան 70-80 տարվա վաղեմություն ունեցող բետոնե ծածկը:

«Մինչև մենք վազեցինք, արդեն սկոռին էր կանգնած, 911-ն էր կանգնած, ժողովուրդը՝ լցված։ Ասում են, թե մեկը պանելի տակ է նստած եղել, պանելը նստել ա վրեն, ասում են՝ արդեն չիմացան մահացած ա, թե չէ, բայց մեկը ջարդրտված էր, սկոռիով տարել են։ Ինքը բերել է վերանորոգելու, թե բետոնը փոխելու համար, չգիտեմ, էդ տունը, ես էստեղի աղջիկ եմ, 40 թվին ես ստեղ դպրոց եմ գնացել, էդ տունը կանգուն է եղել։ Շատ հին է եղել, երևի՝ ուզեցել ա վերակառուցի», - «Ազատության» հետ զրույցում ասաց հարևաններից մեկը։

Վնասվածքներ ստացած 15-ամյա Սուրեն Ավետիսյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից ավելի ուշ դուրս է գրվել: Կենտրոնի վնասվածքաբան Մինաս Դալբալդյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ պատանու վիճակը բավարար է գնահահատվել և կատարված հետազոտություններից հետո պատանուն թույատրվել է դուրս գրվել հիվանդանոցից:

Բժիշկը, ինչպես նաև հարևաններից ոմանք, չձայնագրվելու պայմանով, մեզ տեղեկացրին, որ Սուրեն Ավետիսյանը ոչ մի տվյալ չի ցանկացել թողնել: Նրանց ենթադրությամբ՝ պատճառը պատանու անչափահաս լինելու փաստն է, որը կարող է հանգեցնել աշխատանքային օրենսդրության հետ կապված խնդիրների:

«Ազատությունը» պարզեց, որ Սուրեն Ավետիսյանը ապրում է սոցիալապես ծանր վիճակում և միակողմանի ծնողազուրկ է: Նրա մայրը բժիշկների հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե երեխան աշխատել է վաստակելու նպատակով. մայրն ասել է, թե նա պարզապես իր կամքով օգնել է տան տերերին:

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը «Ազատության» հետ զրուցում ասաց, թե ներկայումս պատահարի պատճառների ուսումնասիրություն է կատարվում:

«Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են փլատակների տակից մարմնի դուրս բերման աշխատանքներ, տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն տուժածին։ Փլուզման առաջացման պատճառները պարզ կլինեն համապատասխան փորձաքննությունից հետո», - ասաց Խանգելդյանը։

Ոստիկանությունից փոխանցեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG