Այսօր Անկարայում` Ազգային Մեծ Ժողովի լիագումար նիստերի դահլիճում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը:
«Ստանձնելով Թուրքական Հանրապետության նախագահի պաշտոնը` Ազգային Մեծ ժողովի և պատմության առջև երդվում եմ պահպանել պետության գոյությունն ու անկախությունը, երկրի անքակտելի բնութը, հավատարիմ մնալ Սահմանադրության դրույթներին, օրենքի գերակայության, ժողովրդավարության և աշխարհիկ հանրապետության սկզբունքներին, անել ամեն ինչ թուրքական հանրապետության պատիվն ու փառքը բարձր պահելու համար` առանց որևէ կողմնապահության կատարելով ինձ վերապահված պարտականությունները», - հանդիսավոր կերպով երդվեց Էրդողանը:
Երդման տեքստն ընթերցելուց անմիջապես հետո Թուրքիայի խորհրդարանի դահլիճում լսվեցին երկրի օրհներգի հնչյունները, իսկ երկրի տարբեր հատվածներում գտնվող զորամասերում ի պատիվ պետության նոր ղեկավարի թվով 101 հրետանային համազարկ հնչեց:
Ոչ պակաս հնչեղ քաղաքական համազարկով այսօր հանդես եկավ թուրքական ընդդիմությունը․ երկրի խոշորագույն ընդդիմադիր քաղաքական ուժի` «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորները նոր նախագահի պաշտոնամուտի արարողության մեկնարկից հաշված րոպեներ առաջ ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը` Էրդողանին մեղադրելով Սահմանադրությունը խախտելու մեջ: Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով Էրդողանը, նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո չհրաժարվելով վարչապետի պաշտոնից, ոտնահարել է Սահմանադրության հիմնարար` իշխանության թևերի տարանջատման մասին դրույթը:
«Մայր օրենքի խախտման պայմաններում մենք չենք կարող մասնակցել այս արարողությանը», - հայտարարեցին ընդդիմադիր պատգամավորները` լքելով նիստերի դահլիճը: «Ձեր մասնակցությամբ, թե առանց` միևնույն է, ես ավարտին կհասցնեմ այս նիստը», - հայտարարեց թուրքական խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը:
Այսօր ավելի վաղ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն էր հայտարարել, որ երդմնակալության արարողությունը հակասում է երկրի Սահմանադրությանը:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտել է Սահմանադրությունը` ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո չհեռանալով վարչապետի պաշտոնից: Նման պայմաններում նա պատրաստվում է ձեռքը դնել այդ Սահմանադրության վրա, որի դրույթները կոպտորեն խախտել է և պաշտոնական երդում ընդունել: Ես կեղծ երդման ականատեսը դառնալ չեմ ցանկանում», -հայտարարեց թուրքական ընդդիմության ղեկավարը:
Փոխարենն այդ երդման և դրան ուղեկցած սկանդալի ականատեսը դարձան օտարերկրյա մի քանի տասնյակ պետությունների նախագահները, վարչապետերն ու արտգործնախարարները: Ուշագրավ է, որ Էրդողանի երդմնակալության արարողության հյուրերի ցանկը մինչև վերջին պահը փոփոխության էր ենթարկվում: Նախապես, օրինակ, ենթադրվում էր, որ Ադրբեջանը այսօրվա արարողությանը ներկայացնելու է խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը: «Թուրան» գործակալության տեղեկություններով, սակայն, վերջն պահին պահին Բաքվում փոփոխության են ենթարկել պատվիրակության կազմը` Անկարա ուղարկելով վարչապետ Արթուր Ռասիզադեին:
Ռուսաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը որոշեց մասնակցել բավական բարձր մակարդակով: Անկարա են ժամանել Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի` Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ու Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինինխանովը: Բավական ցածր է երդմնակալության արարողությանը ամերիկյան մասնակցության մակարդակը: Պաշտոնական Վաշինգտոնը հատուկ պատվիրակություն Անկարա չուղարկեց` այդ առաքելությունը թողնելով Թուրքիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի ուսերին:
Իսկ Hurriyet-ի գնահատմամբ Էրդողանի պաշտոնամուտի ամենաանակնկալ հյուրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է: