Մատչելիության հղումներ

Այսօր տեղի կունենա Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությունը


Մի քանի ժամից Անկարայում կմեկնարկի Թուրքական Հանրապետության 12-րդ նախագահի` Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Թուրքիայի ղեկավարի պաշտոնամուտին կմասնակցի արտաքին գործերի նախարարի մակարդակով: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից շաբաթասկզբին արդեն իսկ տեղեկացրել էին, որ Անկարայում Էդվարդ Նալբանդյանը փորձելու է պարզել` արդյո՞ք Թուրքիայի նորընտիր նախագահը ընդունելու է Սերժ Սարգսյանի` հաջորդ տարվա ապրիլի 24-ին Երևան ժամանելու հրավերը:

Այսօր Անկարայում կայանալիք այս արարողությանը ընդհանուր առմամբ մասնակցելու են 67 պետությունների պատվիրակություններ, որոնց ճնշող մեծամասնությունը ղեկավարելու են արտգործնախարարները: Պետության ղեկավարի մակարդակով ներկայացված է լինելու 19 երկիր` այդ թվում Ուկրաինան, Բուլղարիան, Ղազախստանը, Մոլդովան և Հյուսիսային Կիպրոսը:

Չնայած Անկարայից ուղարկված պաշտոնական հրավերին` Ադրբեջանն այսօրվա արարողության ժամանակն կներկայացնի ոչ թե Իլհամ Ալիևը, այլ խորհրդարանի խոսնակ Օքտայ Ասադովը:

Եվ քանի դեռ երդմնակալության արարողության մեկնարկին հաշված ժամեր են մնացել և հյուրերը աստիճանաբար ժամանում են Անկարա, թուրքական քաղաքական դասը քննարկում է իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության երեկ կայացած համագումարի արդյունքները: Հիշեցնենք՝ դրա ընթացքում կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնեց արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: Մի քանի ժամ տևած փակ գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը հայտարարեց․ - «1382 կողմ քվեներով «Արդարություն և Զարգացում» կուսակցության առաջնորդ է ընտրվել արտաքին գործերի նախարար, Կոնյաից ընտրված պատգամավոր Ահմեդ Դավութօղլուն»:

Այսպիսով` մի քանի ժամից արդեն, երբ Էրդողանը մուտք կգործի նախագահական Չանքայա պալատ, Ահմեդ Դավութօղլուն պաշտոնապես կհռչակվի նաև թուրքական կառավարության ղեկավար: Երեկ` կուսակցական համագումարի մեկնարկից առաջ` Անկարայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Էրդողանը հայտարարեց, թե ինքն ու իր թիմակիցները շատ ժամանակ չեն կորցնի նոր կառավարության ձևավորման վրա:

«Ուրբաթ օրը կառավարության կազմն ըստ ամենայնի հայտնի կդառնա: Ստանձնելով նախագահի պաշտոնը ես առաջին հերթին կդիմեմ Ահմեդ Դավութօղլուին հենց այդ հարցով` խնդրելով նրան ձևավորել նախարարական նոր կաբինետը», - հայտարարեց Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG