Մատչելիության հղումներ

Կոմանդոսն առաջարկում է «կանխարգելիչ հարվածներ» հասցնել


Կոմանդոսն առաջարկում է «կանխարգելիչ հարվածներ» հասցնել
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

Գեներալ-մայորը, սակայն, հստակեցնում է, որ չի առաջարկում պատերազմական գործողություններ վերսկսել։

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոստ) առաջարկում է կանխարգելիչ հարվածներ հասցնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի այն հատվածներում, որտեղից հակառակորդը վերջին շրջանում դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր է արել:

«Ես կարծում եմ, որ մենք չենք կարող սպասել, որ մեզ վրա ամեն անգամ հարձակվեն, իսկ մենք պաշտպանվենք։ Եթե նրանց չհարվածենք, նրանք մեզ անհընդհատ կպահեն լարվածության մեջ, մենք էլ կմտածենք, որ նրանք այնքան ուժեղ են, կհարձակվեն մեզ վրա։ Ավելի լավ է կանխարգելիչ հարվածներ հասցնենք։ Դա ընդունված է ամբողջ աշխարհում, երկու հարյուր տարի է դա կիրառվում է», - ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը։

Կոմանդոսը հստակեցնում է՝ ինքը չի առաջարկում պատերազմական գործողություններ սկսել. - «Կրկնում եմ, ես չեմ առաջարկում պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Պարզապես պետք չէ մեր հանրությանը պահել այնպիսի վիճակում, որ անընդհատ սպասենք՝ Ադրբեջանը կհարձակվի՞ մեզ վրա, թե ոչ»։

Միևնույն ժամանակ, Արցախի հերոսի կոչմանն արժանացած բարձրաստիճան զինվորականը վստահեցրեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի․ - «Նրանց զորքերը պատրաստ չեն ռազմական գործողությունների․ այդ մասին գնահատականներ են տվել և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Թուրքիայի ռազմական փորձագետները»։

«Սահմանային շփման գծում կանխարգելիչ գործողությունների առաջարկը պետք է ներկայացնել հանրության դատին», - ասաց գեներալ Տեր-Թադևոսյանը:

Ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ ադրբեջանական կողմին զսպելու նպատակով իրականացված գործողությունները տրամաբանական են, սակայն այդ հարցում ևս պետք է զգուշավորություն ցուցաբերել, որպեսզի Ադրբեջանը չփորձի սրել իրավիճակը շփման գծում․ - «Նաև պիտի հասկանանք, որ և՛ Հայաստան, և՛ Լեռնային Ղարաբաղի ռազմավարական նպատակը ոչ թե նոր պատերազմի պայմաններ ստեղծելն է, այլ՝ որքան հնարավոր է զսպել թշնամուն յուրաքանչյուր նմանատիպ էսկալացիայից: Հետևաբար մենք պիտի զգուշավոր լինենք և չստեղծենք մի իրավիճակ, երբ ադրբեջանցիք, նույնիսկ սեփական կամքից անկախ, ստիպված չլինեն այն ձևի պատասխան ռեակցիա տալ, որը կարող է պարզապես ավելացնի նոր ռազմական գործողությունների վերասկսման վտանգը»:

Ըստ Սերգեյ Մինասյանի՝ առաջիկայում Ադրբեջանը չի փորձի դիմել այնպիսի լայնամասշտաբ հետախուզադիվերսիոն գործողությունների, ինչպիսիք փորձեց անել Սոչիի հանդիպումից առաջ։

Ինչ վերաբերում է այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող վիճակին, ապա Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ օգոստոսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնելով մարտական հերթապահություն` իրավիճակը պահել են վերահսկողության տակ», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG