380 արևային վահանակները տեղադրված են ավստրիական «Կարիտաս»-ի կողմից Գյումրիում կառուցվող բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնում:
Ավստրիական «Կարիտաս»-ի համակարգող Բերթ Ֆիշերը փորձարկման փուլում գտնվող կայանի արձանագրած տվյալները համեմատում է Ավստրիայում իր հայրենի շրջանում նույնպիսի կայանի գրանցած արդյունքների հետ. - «Ֆորելբերգում, որտեղից ես եկել եմ, 150 արևոտ օր է, այստեղ` 300: Թեստային փորձարկման չորս օրերի ընթացքում այնքան էներգիա է ստացվել, որքան լիարժեքորեն կսպառեն երեք ընտանիքներ մեկ ամբողջ տարի»:
«Մեկ արևահին մոդուլն ունի 250 վատտ հզորություն: Տանիքի վրա ունենք 380 մոդուլ: Սա մոտավորապես 100 կիլովատտ հզորություն է», - ներկայացրեց ավստրիացի ինժեներներից մեկը:
Հարցին, թե ինչու են որոշել կենտրոնը կառուցել հենց այս մոդելով Բերթ Ֆիշերը պատասխանեց. - «Նպատակներից մեկն այն է, որ շատ կախվածություն չունենանք լույսից ու գազից: Մի քաղաքում, որտեղ կա 300 արևոտ օր, սա միակ ու խելացի լուծումն է»:
«Մեր կայանի գույքային, արժեքային տիրույթը մոտավորապես 120-130 հազար եվրո է: Արևային տեխնիկայի մասին է խոսքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց հայկական «Կարիտաս»-ի բազմակի հաշմարդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգող Տիգրան Պետրոսյանը:
Արևային կայանի վահանակների երաշխիքային ժամկետը քառասուն տարի է, ուստի, նրա խոսքով, ներդրումն արդարացված է:
«Այն կիլովատտները, որոնց կարիքը շենքը չի ունենա, վերադարձնելու ենք հաշվիչ ցանցին, հետագայում տարեկան կտրվածքով փոխանակելու ենք այն կիլովատտների հետ, որոնք գիշերային ժամերին կամ ամպամած եղանակներին շենքը կվերցնի հաշվիչ ցանցից», - հավելեց Տիգրան Պետրոսյանը:
Արևային կայանը միակ նորամուծությունը չէ. այս շենքի ջեռուցման համար օգտագործվելու են գրունտային ջրերը: Համապատասխան տեխնիկան արդեն տեղադրված է:
Կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ: