Մատչելիության հղումներ

Կարապետյան.«Արտգործնախարարի մասնակցությունը Էրդողանի երդմնակալությանը որևէ հիմք չունի»


Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու Վլադիմիր Կարապետյան
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու Վլադիմիր Կարապետյան

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնություններն անհաջողությամբ են պսակվում։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությանը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա:

Ընդդիմադիր գործչի կարծիքով, ընդունելով Անկարայի հրավերը՝ Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանն է ուղերձ հղել։

«Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը՝ այն, ինչ նա այսօր չունի։ Կարծում եմ՝ այս ժեստը որևէ հիմք չունի և դրական զարգացում չի ապահովելու։ Պարզապես ավելի լավ լույսի ներքո է ներկայացնելու այս իշխանություններին՝ շատ կարճ ժամանակով»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Վլադիմիր Կարապետյանը։

Նա ընդգծեց, որ Թուրքիան բոլորովին էլ շահագրգրռված չէ բացելու Հայաստանի հետ սահմանը, կամ առհասարակ բարելավելու հարաբերությունները։

«Նման հարց Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ չկա։ Թուրքիան և Ադրբեջանը իրենց նպատակն են իրագործում՝ շարունակելով սաստկացնել Հայաստանի շրջափակումը, և տեսնում են, որ հասնում են արդյունքի։ Ինքը՝ Սերժ Սարգսյանը, խոստովանեց, որ հենց պատերազմական վիճակն է դրդում մեր հայրենակիցներին լքել Հայաստանը։ Բնականաբար, միայն այդ պատճառը չէ. նաև հուսալքված՝ տեսնելով ինչպիսի կերպով են կեղեքում ժողովրդին իշխանությունները, նաև դրանք են հիմնական պատճառները։ Այդ առումով, ես պարզապես չեմ տեսնում, որ Սերժ Սարգսյանը, որևէ քայլ ունի կամ որևէ լուրջ ասելիք ունի, էլ չեմ ասում նախաձեռնության մասին, որովհետև այդ խոսքն, այս պարագայում, արդեն ծիծաղելի է դարձել»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այն բոլոր նախաձեռնությունները, որ առաջ է քաշել Սերժ Սարգսյանը անհաջողության են մատնվել։

«Ինքն էլ հասկանում է, որ որևէ առաջընթաց այլևս նա ի զորու չէ ապահովել՝ ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինձ համար սա ավելի անընդունելի ձևակերպում է, քան հաշտությունը, որը մոդայիկ ու նորաձև է՝ թերևս, սա արևմուտքում։ Մենք, թերևս, կարիք ունենք, առաջին հերթին, նորմալացման, կարգավորման հարաբերությունների, այսինքն՝ դիվանագիտական հարաբերությունների ստեղծում, սահմանների բացում։ Այդ հեռանկարն այսօր չի երևում»,-ասաց ընդդիմադիր գործիչը։

XS
SM
MD
LG