Մատչելիության հղումներ

«Կոմիտաս․ վերապրում» համերգը նվիրվում է մեծ երգահանի ծննդյան 145-ամյակին


Կոմիտաս. վերապրում-բացառիկ համերգ օգոստոսի 27-ին
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00

Օգոստոսի 27-ին Երևանի կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Կոմիտաս․ վերապրում» խորագրով համերգը՝ նվիրված հայ մեծ երգահանի ծննդյան 145-ամյակին:

Համերգի կազմակերպիչները՝ երգիչ, երգահան Վահան Արծրունին և թավջութակահար, երգահան Գրիգոր Առաքելյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեցին, որ նպատակ ունեն այս առաջին համերգով մի ամբողջ շարք սկսել՝ նվիրված Կոմիտասի ստեղծագործությանը:

Սա այս երաժիշտների առաջին համատեղ ծրագիրն է: Համերգի առաջին մասում կհնչեն Գրիգոր Առաքելյանի կոմիտասյան մշակումները, իսկ երկրորդ մասում՝ Վահան Արծրունու «Կոմիտաս․ տասը հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա:

«Կոմիտասի մտածելակերպը, Կոմիտաս երևույթը ներկայացվում է երկու տարբեր ոճերով, երկու տարբեր ժանրերում, և շեշտը այս համերգի ոչ թե նրանում է, որ մենք ներկայացնում ենք Կոմիտասին զուտ որպես կոմպոզիտոր, այլ կոմիտասյան մոտեցումը, Կոմիտասի արած գործը՝ վերապրած տեսքով: Թե ինչ ոգեշնչում կարող են տալ այսօրվա արվեստագետին Կոմիտասի մոտեցումները, իր ստեղծած համակարգը, իր աշխարհը», - ասաց Գրիգոր Առաքելյանը:

«Մենք կփորձենք այս համերգով ներկայացնել և՛ Կոմիտաս-երաժշտի երևույթը, և՛ Կոմիտաս-բանաստեղծի երևույթը։ Հիմնական մեր ստեղծագործական հետաքրքրությունները այդ հարթության վրա են ծավալվում», - հավելեց Վահան Արծրունին:

Արձագանքելով դիտարկմանը, որ թեև Կոմիտասի ստեղծագործությունները բավականին հաճախ են հնչում մեր համերգասրահներում, այդուհանդերձ կոմիտասյան երաժշտական մտածողությունը գրեթե բացակայում է մեզանում, երաժիշտներն արձագանքեցին, թե մշակույթի և կրթության ոլորտի պատասխանատուները կոմիտասյան մտածողության հիման վրա արդեն իսկ մի ողջ հայեցակարգ պիտի ձևավորած լինեին, ինչը, ցավոք, տեղի չի ունեցել:

«Կոմիտասի մտածողությունն է պետք զարգացնել, ստեղծել համապատասխան նույնիսկ դպրոց, որ կոմպոզիտորները նաև կոմիտասյան համակարգի մեջ սովորեն ստեղծագործել», - ասաց Առաքելյանը:

«Բնական է, որ Կոմիտասին դիտարկել պարզապես որպես երաժշտագետ կամ կոմպոզիտոր, դա գրեթե ոչ մի բան չանել է: Կոմիտասը դա որոշակի մշակութային ֆունկցիա է, որը պարտադրում է, որ այն ատյանները, որոնք պատասխանատու են մշակույթի համար, համենայն դեպս ծրագրային մոտեցում դրսևորեն», - նշեց Արծրունին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG