Մատչելիության հղումներ

Հայաստանում ակնկալում են, որ Մեդվեդևի այցի ընթացքում կքննարկվեն նաև ներդրումային ծրագրեր


Հայաստանում ակնկալում են, որ Մեդվեդևի այցի ընթացքում կքննարկվեն նաև ներդրումային ծրագրեր
please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00

Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ակնկալում է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ սեպտեմբերին սպասվող այցի օրակարգում կլինեն ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։

Մակարյանը թվարկում է այն առաջարկները, որոնք, իր կարծիքով, Հայաստանի իշխանությունները պետք է ներկայացնեն Ռուսաստանի վարչապետին։

«Կարող է առաջ քաշել Հայաստանի առողջարաններում, պանսիոնատներում ռուս մանկավարժների, բժիշկների, գիտնականների կամ այլ կատեգորիաների հանգստանալու հարցը և այստեղ կարող է նույնիսկ Հայաստանը Ռուսաստանից ներդրումներ խնդրել և այդ ներդրումները ոչ թե փողով վճարել, այլ ուղեգրերի գներով. այսիքն՝ մի ուղեգիրն արժե այսքան, այսքան վարկի դիմաց, այսքան Ռուսաստանի քաղաքացի գալիս է հանգստանում է և վերադառնում է», - ասաց Մակարյանը։

Հիշեցնենք՝ Դմիտրի Մեդվեդևի՝ սեպտեմբերի սկզբին ակնկալվող այցի մասին օրերս հայտարարել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Ըստ Գագիկ Մակարյանի, հայաստանյան տարբեր ձեռնարկություններ կարող են ապրանքներ արտահանել Ռուսաստան, եթե Հայաստանի Կառավարությունն օգնի այդ ընկերություններին։

«Հայաստանի Կառավարությունը պետք է շատ արագ քայլերով նպաստի սուբսիդավորման, էժան վարկերի տրամադրման, թանկ վարկերի մարման, նույնիսկ Կառավարությունը պետք է վերցնի, այն վարկերը, որոնք թանկ են, բայց պահածոյագործական կամ գինեգործական, հյութեր արտադրող գործարաններն ունեն, իսկ ինքը քայլ անի՝ դրանք մարելով, սուբսիդավորմամբ, որպեսզի նրանք այդ վարկերը մարեն բանկերին, որոնք վերցրել են 15 կամ ավել տոկոսներով և վերցնեն ավելի էժան տոկոսով վարկեր։ Կառավարությունը պետք է խոստանա, որ որոշակի շուկաներում դերակատարում կունենա, որովհետև, եթե մենք թողնենք մասնավոր սեկտորի վրա, դա բարդ կլինի», - նշեց Գործատուների միության նախագահը։

Սակայն, ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի, ռուսական շուկայի մասին խոսելիս՝ պետք չէ սահմանափակվել պահածոների, գինիների, միրգ-բանջարեղենի արտահանման ծրագրերով։

«Ես կհորդորեի Կառավարությանը անպայման լուրջ բանակցություններ տանել ռազմաարդյունաբերական համալիրի ուղղությամբ», - ասաց Մանասերյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ ռուսաստանյան շուկայում այդ բացը Հայաստանը պարտավոր է լրացնել։ Նա մատնացույց է անում նաև շինարարության ոլորտը և հուշում, որ կարելի է, միջպետական համաձայնագրերի միջոցով, օրինական հիմքերի վրա դնել արտագնա աշխատանքը։

Տնտեսագետի համոզմամբ՝ այդ շուկաները զբաղեցնելով՝ կարելի է կրկնապատկել դեպի Ռուսաստան արտահանման այսօրվա ծավալները։

«Պետք է արագ աշխատել, քանի որ Արևմուտքը կարող է չեղյալ համարել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները», - իր հերթին նշում է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի դիտարկմամբ` ռուսական շուկայում Հայաստանից արտահանված ապրանքների զբաղեցրած տեղի ընդլայնումը այդքան էլ հեշտ չէ։

«Ռուսական շուկայում նոր նիշաներ (տեղ) գրավելու հեռանկարները, այսպես ասենք, շատ մշուշոտ են, հայկական ապրանքների, հայկական արտադրանքի համար», - փոխանցեց Գևորգյանը։

Անդրադառնալով գյուղմթերքի արտանահման ծավալների վերաբերյալ պնդումներին՝ Գևորգյանը բերում է լեհական խնձորի օրինակը. - «Նման բան կարող են պնդել մարդիկ, որոնք ուղղակի չեն հետաքրքրվել, թե ինչ է նշանակում խնձորի արտադրություն։ Օրինակ՝ Լեհաստանում, դա հսկայական մի ահռելի ինդուստրիա է: Լեհաստանում արտադրված խնձորի ինքնարժեքը մի քանի անգամ ավելի ցածր է, քան Հայաստանինը, ու Եվրոպայում էդ սննդամթերքը, որը Եվրոպայից ներկրվում է Ռուսաստան, դրանք ինտենսիվ գյուղատնտեսության արգասիքներ են»։

Նրա խոսքով՝ ինտենսիվ գյուղատնտեսությունը Հայաստանի համար դեռ շատ հեռավոր ապագայի խնդիր է․ - «Եթե նույնիսկ էդ շուկան այս պահին բաց է, ու, ասենք, մեր տնտեսությունը հարմարեցնենք նրան, որպեսզի մտնենք էդ շուկա, վաղը, մյուս օրը՝ սանկցիաները հանվելու դեպքում, էդ ամբողջ ինդուստրիան կզրոյանա, որևէ իմաստ չի ունենա, որովհետև մենք, ցավոք սրտի, էս պահին, չենք կարող մրցունակ՝ արտադրանքի գին-որակ հարաբերակցության իմաստով, ապրանքներ առաջարկել աշխարհին»։

Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների վերաբերյալ բերենք մեկ թվային տվյալ՝ Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ 2013 թվականի հունվար-հուլիս ամիսների համեմատ, այս տարվա հունվար-հուլիսին արտահանման ծավալները կրճատվել են մոտ 10 միլիոն դոլարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG