Մատչելիության հղումներ

«ԱՄՆ-ի համար «Իսլամական պետությունը» մեծ սպառնալիք է»


ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգել և ԶՈԻ միացյալ շտաբերի պետ, գեներալ Մարտին Դեմփսի, արխիվ, Վաշինգտոն։
ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգել և ԶՈԻ միացյալ շտաբերի պետ, գեներալ Մարտին Դեմփսի, արխիվ, Վաշինգտոն։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելն ասել է, որ «Իսլամական պետություն» անվամբ զինված խմբավորումը «չափազանց մեծ և անմիջական սպառնալիք է։

«Մահմեդական խմբավորումը լավ պատրաստված, վարժված և ֆինանսավորվող խմբավորում է, նրանք ավելին են, քան պարզապես ահաբեկիչներ, նրանք կարողացել են միավորել գաղափարախոսությունը, ռազմավարական և մարտավարական հմտությունը, նրանք ունեն չափազանց լավ ֆինանսական աջակցություն, այնպիսին, ինչպիսին մենք երբևէ չենք տեսել, նրանցից ամեն բան սպասելի է, միալ ելքն է` լինել կոշտ ու պատրաստ», - ասել է նախարարը։

Վաշինգտոնում երեկ տեղի ունեցած ասուլիսին մասնակցել է նաև ԱՄՆ-ի Զինված ուժերի միացյալ շտաբերի պետ գեներալ Մարթին Դեմփսին, ով ասել է, թե «Իսլամական պետության» զինյալներին կարելի է զսպել, սակայն դրանց ոչնչացնել ու հարցը մեկընդմիշտ, վերջնական լուծել հնարավոր չէ առանց Սիրիայում գործողություններ անցկացնելու։ Դեմփսին առաջարկել է վերլուծել այդ կազմավորման հայեցակարգը։

«Նրանց լրիվ անունն է Իրաքի և ալ-Շամի իսլամական պետություն։ Ալ-Շամն ընդգրկում է Լիբանանը, Իսրայելը, Հորդանանը, Իրաքը, Սիրիան և Քուվեյթը, դե պատկերացրեք` եթե նրանք հասնեն իրենց նպատակին, դա արմատապես կփոխի Մերձավոր Արևելքի պատկերը, կդառնա սպառնալիք բոլորիս համար», - ընդգծել է Դեմփսին։

Գեներալը չի ասել, թե Միացյալ Նահանգները կդիմի Սիրիայում օդային գործողությունների, սակայն նախարարը նշել է, որ ցանկացած տարբերակ ուժի մեջ է։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը երեկ քրեական գործ է հարուցել ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի գլխատման փաստով։ Պաշտպանության նախարար Հեյգելի փոխանցմամբ, Ֆոուլիի սպանությունն ապացուցում է, որ «Իսլամական պետություն» կազմավորումն անմիջականորեն սպառնում է Միացյալ Նահանգներին` Իրաքում և որևէ այլ երկրում։

Հեյգելն ափսոսանք է հայտնել, այն կապակցությամբ, որ ամերիկյան հատուկ ջոկատը փորձել է ազատել պատանդներին, սակայն հաջողության չի հասել։ Նա հավաստիացրել է, որ այդ փորձերն, ինչպես նաև ահաբեկիչների նկատմամբ կոշտ գործողությունները կշարունակվեն։

«Իսլամական պետություն» կառույցը սպառնացել է սպանել ամերիկացի երկրորդ պատանդին` լրագրող Սթիվեն Ջոել Սոթլոֆին` եթե ամերիկացիները չդադարեցնեն Իրաքում կազմավորման հենակետերի ռմբահարումները։

Հարյուր հազարավոր բնակիչներ Իրաքի հյուսիսում լքել են իրենց տները` փորձելով փրկվել «Մահմեդական պետության» և Իրաքի սունի մահմեդականների զինյալներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG