Մատչելիության հղումներ

Նարեկ Սարգսյան. «Հյուսիսային պողոտան պատրաստ կլինի հոկտեմբերին»


Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան

Քաղաքաշինության նախարարի խոսքով՝ ունենալու ենք «նորովի ու հարմարավետ» Հյուսիսային պողոտա:

Չնայած Քաղաքապետարանը խոստացել էր Հյուսիսային պողոտայի վերակառուցման աշխատանքներն ավարտել օգոստոսին, այսօր Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ամփոփելով իր պաշտոնավարման 100-րդ օրը, հայտարարեց, որ տեխնիկական պատճառներով, պողոտան պատրաստ կլինի հոկտեմբերին:

Սարգսյանը հավաստիացնում է, որ պողոտայի վերակառուցման արդյունքում կունենանք շատ ավելի հարմարավետ և քաղաքին ինտեգրված պողոտա:

«Կունենանք բոլորովին նորովի Հյուսիսային պողոտա՝ շատ ավելի գեղեցիկ, շատ ավելի հարմար, մարդկանց քայլելու համար։ Այնտեղ մենք վերացնելու ենք էդ Տերյանի խաչմերուկը, լինելու է ուղղակի մի հատ նեղ փողոց։ Այսինքն դա հետիոտնի համար լինելու է հարմարավետ միջավայր՝ հետաքրքիր նստարաններ, լուսավորություն։ Անհամեմատ ավելի բարեկարգ և ավելի գեղեցիկ պողոտա կունենանք», - հայտարարեց Քաղաքաշինության նախարարը։

2007 թվականի վերջին շահագործման հանձնված պողոտայի սալիկները կարճ ժամանակում մաշվեցին և շարքից դուրս եկան: Նարեկ Սարգսյանը ասում է, որ այդ ծածկը նախատեսված չի եղել մարդկանց մեծ հոսքերի, ցույցերի և այլ նման միջոցառումների համար. պողոտան կառուցելիս, «պարզապես ժամանակավոր լուծում էր տրվել, մինչև վերջնական բարեկարգումը»։

Հյուսիսային պողոտան, ըստ նախարարի, կանաչապատ է լինելու, հատուկ այդ նպատակով Իտալիայից ծառեր են բերելու:

«Բարեկարգումն արվել է արագ և այն տրամաբանությամբ, որ դեռ կողքը լոտեր կան, որոնք չեն իրացվել, ավելի լավ է՝ ցեմենտի նյութերով պողոտան սկսի աշխատել, որովհետև որևիցե ճարտարապետ երբեք չի կարող կանխագծել այն, ինչ-որ կատարվելու է ինչ-որ տարիների ընթացքում։ Այսինքն պետք է մի քիչ մարդիկ քայլեն, ինքն ապրի», - ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով Աֆրիկյանների շենքին՝ նախարարը նշեց, որ այն ընդգրկվելու է «Հին Երևան» նախագծում, իսկ թե նախագիծը երբ կիրականացվի, դեռևս պարզ չէ, քանի որ չկան ներդրողներ:

Իսկ որ շենքի ապամոնտաժումն անհրաժեշտություն էր, Նարեկ Սարգսյանը դրանում համոզմված է. - «Մենք լուծում չունենք։ Չորս ու կես մետր նա մտած է փողոցի մեջ, և Աֆրիկյանների շենքի տեղափոխումը բացառապես պայմանավորված էր փողոցի հետ։ Հարցը շատ պարզ էր՝ կամ պետք էր ապամոնտաժվեր, հետ գնար, որն այդ շենքի համար կլիներ անհասկանալի վիճակ, կամ ինքը կգնա ավելի հարազատ միջավայր, որն անպայման կկառուցվի»։

Քաղաքաշինության նախարարն ասաց, որ դեռևս լուծված չէ Երևանի հայտնի կիսակառույցների խնդիրը, մասնավորապես անհայտ են «Դվին» հյուրանոցի, Երիտասարդական պալատի տեղում կառուցվելիք շենքերի ճակատագրերը՝ այստեղ ևս ներդրողներ չկան։

«Կիսակառույցների հետ կապված ես պարծենալու ոչ մի տեղ չունեմ, ոչ մի բան չունենք այս ուղղությամբ. Երիտասարդական պալատը չի կառուցվում, «Սևան» հյուրանոցի շուրջը չի կառուցվում, տարբեր տեղեր կան, որ չեն կառուցվում։ Այս խնդիրը մենք բարձրացրել ենք, և ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ այս խնդրի լուծմանը մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի Երևանի կիսակառույցների խնդիրը վերջնական լուծվի», - խոստացավ նա` հավելելով, որ կիսակառույցների սեփականատերերին սթափեցնելու համար, նախարարությունը Կառավարությանն առաջարկել է այդ տարածքների վարձակալության պայմանները խստացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG