Մատչելիության հղումներ

Դավութօղլուն պաշտոնապես առաջադրվեց Թուրքիայի 26-րդ վարչապետի պաշտոնում


Այսօր երեկոյան Թուրքիայի նորընտիր նախագահ, առայժմ նաև գործող վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո բացահայտեց, թե ով է լինելու երկրի հաջորդ` թվով 26-րդ վարչապետը:

«Սիրելի հայրենակիցներ, մի քանի ժամ տևած քննարկումներից հետո մենք որոշեցինք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության և Թուրքիայի Հանրապետության կառավարության հաջորդ ղեկավարը լինելու է արտաքին գործերի նախարար, Ազգային մեծ ժողովի` Կոնիայից ընտրված պատգամավոր Ահմեդ Դավութօղլուն», - հայտարարեց Էրդողանը:

Դիմելով իշխող քաղաքական ուժի ղեկավար մարմնի անդամներին և լրագրողներին՝ Էրդողանը նաև նշեց է, որ կուսակցության նման ընտրությունը զուտ մի խումբ մարդկանց կամայական որոշումը չէր․ - «Մենք խորհրդակցեցինք բոլորի հետ` փողոցում կանգնած հասարակ մարդկանցից մինչև կուսակցության ղեկավար մարմնի անդամները: Այս որոշումը կայացվեց եղբայրության ու խաղաղության մթնոլորտում, քանի որ այս շարժման միասնականությունը ամենից կարևոր արժեքն է մեզ համար: Շատերը հույս ունեին, թե մեր կուսակցությունն այս ընթացքում կպառակտվի, բայց մենք հաղթահարեցին բոլոր դժվարությունները»:

Օգոստոսի 27-ին արդեն Թուրքիայի իշխող կուսակցությունը` մոտ 30 հազար պատվիրակների ու հյուրերի ներկայությամբ Անկարայի Մարզական համալիրում կայանալիք առաջին արտահերթ համագումարի ընթացքում Դավութօղլուին պաշտոնապես կհռչակի կուսակցության առաջնորդ և ապագ վարչապետ:

Ահմետ Դավութօղլուն քաղաքական ասպարեզ է մուտք գործել համալսարանական շրաջանակներից: 1990-ականներին նա դասավանդել է Ստամբուլի «Մարմարա», ապա նաև «Բեյքենտ» համալսարաններում: 2003-ին Դավութօղլուն նշանակվել է այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Աբդուլա Գյուլի խորհրդական արտաքին քաղաքական հարցերի գծով: Այս պաշտոնը Դավութօղլուն պահպանեց նաև Էրդողանի վարչապետ դառնալուց հետո: 2009-ին արդեն Դավութօղլուն ստանձնեց Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնը` դառնալով «Զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական տեսության հեղինակը:

XS
SM
MD
LG