Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ուզում է ավելացնել հայաստանյան գյուղմթերքի ներմուծումը


Ռուսաստանն ուզում է ավելացնել հայաստանյան գյուղմթերքի ներմուծումը
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն այսօր պաշտոնական նամակ է ստացել Ռուսաստանի գյուղնախարարությանից հայկական գյուղմթերքի պահանջարկի աճի վերաբերյալ:

«Որպես երկար տարիների գործընկեր նշում են, որ պահանջարկ է վայելում մեր արտադրանքը Ռուսաստանի Դաշնությունում, հայտնում են իրենց պատրաստակամությունը Ռուսաստանի Դաշնությունում իրացման գործընթացին աջակցելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուսաստան գյուղմթերի արտահանման ծավալները մեծացնելու նպատակով վերջերս ձևավորված աշխատանքային խմբի ղեկավար, գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին ի պատասխան Ռուսաստանը մի շարք երկրներից արգելեց գյուղմթերքի, մսամթերքի ու կաթնամթերքի ներմուծումը։

Փոխնախարար Մակարյանը նշում է, որ սա է պատճառը, որ հայկական գյուղմթերքի պահանջարկն ավելացել է ռուսական շուկայում, հայկական ապրանքներ ներմուծելու՝ Ռուսաստանի շահագրգռվածությունն է'լ ավելի է մեծացել. - «Քանի որ հիմա իրենց մոտ գյուղմթերքի որոշակի դեֆիցիտ է առաջանում, ապա այս դեպքում իրենք առավել շահագրգռված են մեր գյուղմթերքը Ռուսաստանի Դաշնության շուկայում տեսնելու համար»:

Սա Ռուսաստանի գյուղնախարարության թերևս առաջին պաշտոնական գրությունն է հայկական կողմին ուղղված, որով ռուսաստանյան գերատեսչությունը պատրաստակամություն է հայտնում աջակցելու հայաստանյան գյուղմթերքի իրացմանը ՌԴ-ում:

Մակարյանը նշում է, որ ռուսական անսահմանափակ շուկան իրենք հավակնություն չունեն ամբողջությամբ ծածկել, բայց կարող են հնարավորության սահմաններում այդ երկիր արտահանել թարմ պտուղ-բանջարեղեն, մսամթերք, կանթամթերք, պահածոներ, չրեր եւ այլն։

Դա, փոխնախարարի խոսքով, լայն հնարավորություններ կբացի Հայաստանի առջև․ - «Որևիցե մտավախություն թող չունենան մեր ընդդիմախոսները, որ մեր շուկայում առաջանալու է դեֆիցիտ: Միշտ էլ արտահանվել է այն մասը, որը եղել է ավելցուկ: Սա ոչ միայն այս տարվա խնդիրն է լուծում, նաև առաջիկա երկու-երեք և հաջորդ տարիների ընթացքում»:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցած շաբաթ «Ազատությանն» ասել էր, թե հույս ունեն այս տարեվերջին կրկնապատկել Ռուսաստան արտահանվող ապրանքների ծավալները։

Անցած տարի, օրինակ Հայաստանից արտահանվել է 64.000 տոննա գյուղմթերք, որի կեսը՝ Ռուսաստան։ Մակարյանն ասում է, որ պտուղ-բանջարեղենի արտահանման մասով Ռուսաստանը երկրների ցանկում առաջին տեղն է գրավում։

Մակարյանը հիշեցնում է, որ գյուղմթերքի արտահանման ավելացումը խրախուսել են թե՛ երկրի նախագահը, թե՛ վարչապետը։ Նշում է, որ գյուղնախարարության պաշտոնական կայքէջում արտահանողները կարող են իրենց հետաքրքրող տեղեկությունները ստանալ։

Աշխատանքային խումբը հանդես է գալիս որպես կազմակերպիչ այս հարցում՝ փորձելով օգնել արտահանողներին թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանի սահմաններում։ Ռուսական շուկայի ներկայացուցիչներն արդեն Հայաստան են եկել՝ քննարկելու արտահանողների հետ հետագա ծրագրերը։

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղադասարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ սա լավ հնարավորություն է անգամ եռապատկելու իրենց արտահանման ծավալները։ Ռուսաստանը այս ընկերության թիվ մեկ գործընկերն է։ Բաղդասարյանն ասում է՝ պարզապես պետք է արագորեն գրավել ռուսական շուկան, քանի դեռ այլ երկրները չեն օգտվել այս հնարավորությունից։ Իրենք արդեն փորձեր անում են՝ սկսել են ընդլայնել արտադրանքի տեսականին․ - «Իրավիճակը նաև թույլ է տալիս դիվերսիֆիկացնել Հայաստանից արտահանվող թարմ միրգ-բանջարեղերի տեսականին՝ հաշվի առնելով նոր պահանջարկը»:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը հեքիաթ է համարում Ռուսաստան - Հայաստան այս գործընկերությունը: Նրա համոզմամբ՝ դա կհարվածի Հայաստանի պարենային անվտանգությանը․ - «Ի՞նչ պիտի արտահանի Հայաստանը: Հայաստանը լավ կլիներ մտածեր իր պարենային անվտանգության համար, որը շատ ավելի մեծ միլիոններ կապահովի, քան արտահանումը, որովհետև ի՞նչ է նշանակում արտահանումը․ մեր բնության հաշվին, անկախության հաշվին ստանալ որոշակի գումարներ»:

Եղիազարյանն ասում է, թե Ռուսաստանը Հայաստանին ներքաշում է իր ծրագրերի մեջ, ինչը կարելի է համեմատել ռազմական անվտանգության գոտու մեջ ներքաշելու հետ։ Սրանով այս երկիրը փորձում է ավելի մեծացնել ազդեցությունը Հայաստանի վրա՝ միաժամանակ մեկուսացնելով նրան արտաքին աշխարհից․ - «Հայաստանը այսօր, այսպես թե այնպես, պարենի առումով ինքնաբավ երկիր չէ: Ունի պարենային կախվածություն հենց նույն Ռուսաստանից: Այս կախվածությունը Ռուսաստանից կմնա, ավելին՝ կմեծանա»:

Տնտեսագետը կարծում է, որ այս համագործակցությունից կշահեն որոշ օլիգարխներ, օրինակ, ձկնարդյունաբերության ոլորտում, ինչը է՛լ ավելի կսրի այս ոլորտում առկա բնապահպանական խնդիրները․ - «Հայաստանը ընդամենը դրական հաշվեկշիռ ունի, ասենք, ձկի և որոշակի չափով, ասենք, պահածոների առումով․․․ Ձկի խնդիրը մենք գիտենք, թե Հայաստանում ոնց է լուծվում․ լուծվում է մեր ջրերի հաշվին»:

Եղիազարյանի կարծիքով, այս ծրագիրը կմնա թղթի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG