Մատչելիության հղումներ

«Իսկ դու ունե՞ս աղջիկ». «Ֆեյսբուք»-ն ընդդեմ սեռով պայմանավորված աբորտների


Իսկ դու ունե՞ս աղջիկ. «Facebook»֊-ն ըդդեմ սեռով պայմանավորված աբորտների
please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00

Սոցիալական ցանցի հայ օգտատերերը դեմ են արտահայտվում սելեկտիվ աբորտներին։

Արդեն երկրորդ օրն է սոցիալական ցանցում բազմաթիվ հայրեր ու մայրեր հրապարակում են իրենց աղջիկ երեխաների նկարներն ու դատապարտում սեռով պայմանավորված աբորտները:

Ուշագրավ է, որ շատ ակտիվ են հատկապես հայրերը. առաջինը չորս երեխաների հայր Արամազդ Ղալամքարյան է «Ֆեյսբուք»-ում դրել իր միակ աղջկա՝ Նարե Ղալամքարյանի նկարն ու դեմ արտահայտվել սեռով պայմանավորված աբորտներին: Նրա խոսքով՝ այս միտքն առաջացել է նախօրեին թեման քննարկելուց հետո: Այնուհետև նրա ընկերներից մեկը «Ֆեյսբուք»-ում զարգացրել է գաղափարը՝ այն վերածելով ֆեյսբուքյան նախաձեռնության:

«Ես հավատում եմ, որ շաբաթների ընթացքում, երբ որ քո կինը կլինի հղի ու դու կիմանաս, որ ներսում ապրող կյանքն իգական սեռ ունի, գուցե քո ուղեղում առկայծի էս մեկի դրած ֆոտոն, էն մեկի դրած ֆոտոն, էս մեկի ասած խոսքը, էն մեկի ասած խոսքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղալամքարյանը։

Երեք աղջիկ և մեկ տղա ունեցող Մհեր Մանուկյանը, ով նույնպես միացել է նախաձեռնությանը, համոզված է՝ պարտադրանքով չես ստիպի հայրերին չսպանել իրենց չծնված աղջիկներին այն պատճառով, որ տղա են ուզում ունենալ, իսկ նման ակցիաները կարող են փոխել իրավիճակը:

Նախաձեռնությանը միացած Զառա Հովհաննիսյանը, իր էջում տեղադրելով իր զույգ աղջիկների լուսանկարը, նաև գրել է, որ երրորդ երեխային սպասելիս անգամ բժիշկներն են զարմացել՝ ինչպե՞ս է պատահել, որ զույգ աղջիկներից հետո, ծնողները չեն փորձել անգամ պարզել՝ երեխայի սեռը։

«Մենք անգամ դրա մասին չէինք էլ մտածել, որ պլանավորեինք. մեզ մոտ իմ տղան շարունակում է Արևշատյանների տոհմը, բնականաբար իրենք կուզեին, որ շարունակություն լինի, բայց էթիկայից ելնելով և կրթությունից, նրանք չեն ասել այդ մասին»,- ասաց Հովհաննիսյանը։

Եթե այս դեպքում նման խոսակցություն չի եղել, ապա շատ հայ ընտանիքներում ամուսինն է ստիպում կնոջը ընդհատել հղիությունը՝ տեղեկանալով, որ աղջիկ է ծնվելու: Այս ամենի հետևանքով, Հայաստանում տարեկան 1500-2000 աղջիկ երեխա չի ծնվում:

«Վերջին 20 տարիների ընթացքում, երբ հնարավոր դարձավ պարզել չծնված երեխայի սեռը՝ տղա - աղջիկ հարաբերակցությունը մեր երկրում նորմայից կտրուկ շեղվեց և արդեն այսօր մինչև 21 տարեկան տղաները մոտ 50 հազարով ավելի են, քան աղջիկները», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հարապետյանը:

Հայաստանը այսօր աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում տղա - աղջիկ հարաբերակցության շեղման տեսանկյունից, Չինաստանից և Ադրբեջանից հետո: Տղաների նորմայից շատ ծնունդը տարիների ընթացքում լուրջ խնդիրներ է առաջացնում հասարակության մեջ, դա, ըստ Հայրապետյանի, ապացուցվում է Չինաստանի և Հնդկաստանի փորձով:

«Չինաստանում կա 60 միլիոն մոտավորապես միայնակ տղամարդ, վերջին մեկ տարվա ընթացքում Հնդկաստանում մի քանի բարձր հնչեղություն ստացած բռնաբարությունների դեպքեր եղան՝ խմբակային բռնաբարությունների, և այդ դեպքերը տեղի ունեցած հենց այն նահանգներում, որտեղ այդ շեղումը ամենաբարձրներից է», - փոխանցեց Գարիկ Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG