Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետի Երևան այցի ընթացքում «քննարկվելու է վիզային ռեժիմի հարցը»


Վրաստան - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը Թբիլիսիում, 19-ը հունիսի, 2014թ․
Վրաստան - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը Թբիլիսիում, 19-ը հունիսի, 2014թ․

Ըստ վրացական լրատվամիջոցի՝ կողմերը մտադիր են քննարկել առաջացող հակասությունները և համագործակցության փոխընդունելի ձևաչափեր գտնել:

Վրաստանը մտադիր է սեպտեմբերի 1-ից վիզային ռեժիմ մտցել Հայաստանի հետ, ու այս կապակցությամբ Հայաստանը ցանկանում է այս հարցը բարձրացնել Վրաստանի վարչապետի հետ երկու օրից կայանալիք հանդիպման ընթացքում: Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը:

Վրաստանի վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 21-22-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Ըստ վրացական լրատվամիջոցի՝ հանդիպումների ընթացքում քննարկվելու են տնտեսական ու քաղաքական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվելու այն իրավիճակին, որը ստեղծվել է, մի կողմից, Եվրամիության և Վրաստանի միջև ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո, երբ, մյուս կողմից, Հայաստանը գնում է դեպի Մաքսային միություն:

Կողմերը մտադիր են քննարկել առաջացող հակասությունները և համագործակցության փոխընդունելի ձևաչափեր գտնել, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը, ընդգծելով՝ բացի այդ, Երևանը պլանավորում է բարձրացնել սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու Թբիլիսիի մտադրության հարցը:

2014 թվականի սեպտեմբերի 1-ից բոլոր արտասահմանցիները՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացիություն ունեն, եթե ցանկանում են Վրաստանում 90 օրից ավելի մնալ՝ սովորելու, աշխատելու, բիզնես ծավալելու կամ ընտանիքի միավորվելու նպատակով, բոլոր դեպքերում նրանք պետք է համապատասխան վիզա ստանան տվյալ երկրում գործող Վրաստանի հյուպատոսական ծառայություններից:

Վրաստանի վարչապետի այցի հետ կապված հարցերը քննարկել է նաև Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան, նախկին ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը: Երեկ նա Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը: Արարողությունից հետո կայացած հանդիպմանը քննարկվել են երկկողմ հրատապ հարցերն ու Վրաստանի վարչապետի առաջիկա այցը, հաղորդում է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Վրացական լրատվամիջոցները նշում են, որ Իրակլի Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին պաշտոնական այցը կատարում է Հայաստան: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարները, ինչպես նաև «Վրացական երազանք» դաշինքից պատգամավոր Ռուսլան Պողոսյանը:

Վրաստանի վիզային ռեժիմի նոր կարգը ուժի մեջ մտնելու կապակցությամբ անհանգստություն են հայտնել Վրաստանում աշխատող տարբեր երկրների գլխավոր հյուպատոսներ՝ մտավախություն ունենալով, որ դրանով սահմանափակվում են իրենց արտոնությունները: Վրաստանում գործող 22 հյուպատոսներից 17-ը օգոստոսի 14-ին նամակ են հղել խորհրդարանի նախագահին ու վարչապետին, որտեղ մեղադրել են արտգործնախարարին միջազգային կոնվեցիայի մի շարք դրույթներ խախտելու մեջ: Հյուպատոսների համատեղ նամակում նշված էր, որ նման սահմանափակումները և գլխավոր հյուպատոսի կարգավիճակը իջեցնելը միանշանակ կվատթարացնի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը և բացասաբար կանդրադառնա գործունեության վրա:

Վրաստանի արտգործնախարարը երեկ պատասխանել է հյուպատոսների մեղադրանքներին՝ նշելով, որ արտգործնախարարությունը ճանապարհային քարտեզ է մշակել դիվանագետների համար: Փանջիկիձեն ընդգծել է, որ Վիեննայի կոնվենցիային համապատասխան՝ Վրաստանում բոլոր գլխավոր հյուպատոսների արտոնությունները ուժի մեջ կլինեն, և տարակուսել է, թե ինչու են հյուպատոսները նման նամակ հղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG