Մատչելիության հղումներ

Բնապահպաններն անհանգստացած են փոքր ՀԷԿ-երի մեծ թվով


Բնապահպաններն առաջարկում են կառավարությանը նվազեցնել ՀԷԿ-֊երի թիվը
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

Բնապահպանական մի խումբ կազմակերպություններ նամակ են հղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում փոքր ՀԷԿ-երի գործունեության վերաբերյալ մտահոգություններ են հնչեցրել:

Բնապահպանները, մասնավորապես, անհանգստացած են Հայաստանում արդեն իսկ գործող ՀԷԿ-երի մեծ թվով ՝ մոտ 150: Նրանք առաջարկում են նվազեցնել այս թիվը՝ թույլ չտալով մեկ գետի վրա մի քանի ՀԷԿ-երի կառուցումը, ինչպես նաև բացառել գետերն ամբողջությամբ խողովակների մեջ վերցնելը, չթույլատրել ՀԷԿ-երի կառուցումը հատուկ պահպանվող տարածքներում:

«Համահայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ Լևոն Գալստյանը նշում է, որ այս առաջարկներն արել են Տավուշի և Վայոց Ձորի մարզ այցելություններից հետո: Նշված մարզերում գետեր կան, որոնց վրա կառուցված է 6-9-ը ՀԷԿ: Գալստյանը օրինակ է բերում՝ Եղեգիս գետի վրա նախատեսվում է ՀԷԿ-երի թիվը հասցնել 14-ի, ինչը, ըստ նրա, պարզապես անթույլատրելի է: Օրենքի տեսանկյունից, մինչդեռ, այնտեղ ամեն ինչ կարգին է:

«Եթե մի գետի վրա դու երեք, չորս, հինգ, ութ ՀԷԿ ես կառուցում, և ամբողջ գետը, փաստորեն, իրա բնական հունի փոխարեն հոսում է խողովակների միջով և գետով հոսում է էդ գետի ջրի մոտավորապես 5-10 տոկոսը, համարյա ամբողջ տարի, եթե ինչ-որ մեկը կարող է պնդել, որ դա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ և դա չի բերի նրան, որ էդ էկոհամակարգը ամբողջովին վերանա, ես չգիտեմ էդ մարդուն ոնց կարելի է անվանել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը։

Գետերը խողովակների մեջ վերցնելու քաղաքականությունը, «Էկոլուր» կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքով, մեծ թափ կառնի, քանի որ հունիսի վերջին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին օրենքով մինչև տասը մեգավատտ հզորությամբ ՀԷԿ-երը կարող են շահագործվել արդեն առանց հասարակական լսումների և փորձաքննության:

«Ոչ թե կավելանա, այլ ահավոր ձևով կավելանա. հիմա, գոնե առանձին դեպերում մենք մարդկանց ուշադրությունն ենք հրավիրում այդպիսի դեպքերին, և համայնքը կարող է ազդել, կարող է գոնե մեղմացնել այդ ազդեցությունը՝ ուրիշ ձևի պայմաններ դնելով փոքր ՀԷԿ-երի տերերի հետ: Իսկ հիմա, ընդհանրապես, սա մի կողմ է դրված՝ փոքր ՀԷԿ-ի տերը գնում է, պայմանավորվում է, էս նոր օրենով։ Փոքր ՀԷԿ-երի սեկտորը նոր կոռուպցիոն ռիսկեր է ձեռք բերել», - նշեց Զարաֆյանը։

Լևոն Գալստյանն անդրադառնում է նաև խնդրի սոցիալական կողմին. ամառվա այս ամիսներին խողովակներում գտնվող գետերի հարակից գյուղերի բնակիչները, պարզապես զրկվում են ոռոգման ջրից և սա միայն վնասի մի մասն է: Գալստյանը ուշադրություն է հրավիրում հատկապես Տավուշի մարզի վրա, քանի որ այն Հայաստանի առավել տուժած մարզերից է, բացի այդ, հարուստ է հատուկ պահպանվող տարածքներով, որոնք ևս զերծ չեն մնացել փոքր ՀԷԿ-երի շահագործումից:

Այս բոլոր մտահոգությունների վերաբերյալ այսօր առավոտյան բնապահպանները Կառավարությունից պատասխան են ստացել, որը բոլորովին իրենց չի գոհացրել:

«Վերջին նախադասությունը գրված էր այսպես․ «Քանի որ ձեր ներկայացրած առաջարկներն ընդհանուր են և ընդհանուր հարցերի են վերաբերվում, մենք կկարողանանք ավելի հստակ գործողություններ անել, եթե դուք կոնկրետ օրինակներ բերեք»։ Այսինքն մի քիչ մեզ համար անհասկանալի դառավ «կոնկրետ օրինակը». այսինքն՝ դու համակարգ ես ուզում փոխել, օրինակներով չպետք է փոխես։ Մենք հասկանում ենք սա, բայց երբ կոնկրետ օրինակ ես ներկայացնում, ասում է դե կոնկրետ օրինակով կարող է էդ մի ՀԷԿ-ը սխալ է աշխատում, պետք է ամբողջ համալիր ներկայացնել։ Մենք ամբողջ համալիր ներկայացրել ենք՝ բոլոր ՀԷԿ-երում այդ խնդիրը կա, որովհետև օրենսդրությունը, որոշումները և ամեն ինչը սխալ են, և դրանց հետևանքով էդ գետերը հայտնվում են շատ ծանր էկոլոգիական վիճակում», - փոխանցեց Գալստյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG