Մատչելիության հղումներ

Ալոյանը գումարներ հափշտակելու մեղադրանքով ԱՄՆ-ում դատապարտվել է 13 տարի 4 ամիս ազատազրկման


Միացյալ Նահանգներում հայկական հանցավոր խմբի հետ կապված ևս մեկ դատավարություն ավարտվեց: Երկուշաբթի օրը Անդրանիկ Ալոյանը Լոս Անջելեսի նահանգային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել գումարներ հափշտակելու նպատակով դավադրությանը մասնակցելու, բանկերի 80 մեծահասակ հաճախորդների հաշվեհամարները, տվյալները գողանալու մեջ:

Այս գործով օգոստոսի 18-ին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ի Արդարադատության դեպարտամենտի հանրային կապերի գրասենյակը:

The Los Angeles Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նահանգային դատավոր Ֆիլիպ Գուտյերեսը Հոլիվուդի բնակիչ 41-ամյա Անդրանիկ Ալոյանին դատապարտել է 13 տարի 4 ամիս ազատազրկման: Նա նաև 3․5 միլիոն դոլար է վճարելու փոխհատուցումների համար:

Ալոյանի փաստաբան Մարկ Գերագոսը ասել է, որ իր պաշտպանյալին 36 ամսվա ազատազրկում է հասնում, քանի որ մեքենայությունների սխեմայում նրա մասնակցությունը եղել է սահմանափակ:

Իսկ դատախազների կողմից նահանգային դատարան ներկայացված մեղադրական փաստաթղթում նշված է, որ «Ալոյանի սխեման ընդգրկուն էր, բարդ ու քայքայիչ իր զոհերի կյանքի համար, որոնց մեծ մասը ծեր մարդիկ էին»:

Ալոյանի գողացած ֆինանսական ու անձնական տվյալների բազան, ըստ փաստաթղթի, մոտ 25 միլիոն դոլար է կազմում: Այդքան գումարի մասին նա ինֆորմացիա ուներ:

Անդրանիկ Ալոյանը մեղադրվել է նաև 2011-ին: Նա 90 մեղադրվողների թվում էր, որոնց դեմ 2011-ին երկու հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել հայկական հանցախմբերի հետ քրեական հանցագործությունների համար: Մի հոդվածով Ալոյանը 26 ամբաստանվողների հետ մեղադրվել էր փողերի լվացման, կեղծ վճարային չեկեր, բանկային քարտեր սարքելու մեջ: Մյուս ձերբակալվածները մեղադրվում էին առևանգումների, անօրինական շահովի խաղերի, թմրանյութերի շրջանառության, դրամաշորթության համար:

2011-ի աղմկահարույց գործով ձերբակալվածներից 85-ը իրենց մեղավոր էին ճանաչել կամ դատապարտվել էին մեղադրականում ներկայացված հոդվածներով, այսինքն՝ դրանք ապացուցված էին համարվել:

The Los Angeles Times-ը գրում է, որ Արևելյան Հոլիվուդում «Արմինյըն փաուեր» կոչվող հայկական հանցախումբը ստեղծվել է 1980 թվականին, ենթադրաբար 250 անդամ ունի ու հարյուրավոր մասնակիցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG