Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ երեկոյան ճեպազրույցում հայտարարել է, որ Իրաքում Սինջար լեռան լանջերին ապաստանած եզդիների վիճակը զգալիորեն բարելավվել է վերջին շաբաթվա ընթացքում` այն բանից հետո, երբ ինքը կարգադրել է թիրախավորված օդային հարվածներ հասցնել Իսլամական պետության զինյալներին` թուլացնելով այն մահացու օղակը, որում շրջափակվել էին եզդիները:
«Իրավիճակը մեծապես բարելավվել է և ամերիկացիները շատ հպարտ պետք է լինեն մեր ջանքերով», - ասել է Օբաման` հավելելով, որ մարդկանց այդ լեռան վրայից տարհանելու կարիք այլևս չկա և դժվար թե կարիք լինի շարունակել նաև օդային ճանապարհով հումանիտար օգնություն հասցնելը:
ՄԱԿ-ի փախստականների կոմիտեի տվյալներով, լեռան լանջերին պատսպարված մոտ 80 հազար եզդիները վերջին 5 օրերի ընթացքում կարողացել են լքել լեռը և ավելի անվտանգ վայր տեղափոխվել: Այժմ լեռան այնտեղ մնացել է մոտ 1000 մարդ:
Չնայած Սինջար լեռան տարածքում իրավիճակը համեմատաբար բարելավվել է, այնուամենայնիվ Իսլամական պետություն կոչվող ծայրահեղական կազմակերպության գրոհների հետևանքով ստեղծված ճգնաժամը շարունակվում է:
Այս կապակցությամբ Օբաման հայտարարել է, որ ամերիկյան զինուժը կշարունակի օդային հարվածները` իրենց «մարդկանց և կառույցեները Իրաքում պաշտպանելու համար». - «Մենք ավելացրել ենք Իսլամական պետություն կազմակերպության դեմ կռվող Իրաքի և քրդական զինված ուժերին տրվող ռազմակական օժանդակությունը: Մենք կոչ ենք անում իրաքցիներին համախմբել և միահամուռ կերպով պայքարել իսլամական այդ կազմակերպության դեմ` առաջին հերթին բաց չթողնելով նորանշանակ վարչապետ Հայդեր ալ-Աբադիի ղեկավարությամբ նոր կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորությունը:
Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին երեկ հեռուստաուղերձով հայտարարել է իր հրաժարականի մասին: Ավելի վաղ Մալիքին հրաժարվել էր ընդունել նոր կառավարության ձևավորման վերաբերյալ Իրաքի նախագահի կարգադրությունը և հայտարարել էր, որ իր ղեկավարած կառավարության կազմը շարունակում է գործել, սակայն միջազգային հանրության ճնշման հետևանքով նա երեկ ստիպված եղավ հրաժարական ներկայացնել ու հայտարարել, որ աջակցում է Հայդեր ալ-Աբադիին:
Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ը ողջունել են Մալիքիի այս որոշումը: