Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետի հրամանով Երևանի երեք մանկապարտեզներին փչացած հավի միս մատակարարած «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» ընկերությունում իրականացվում է ստուգում: Ծառայության այսօրվա մամլո հաղորդագրության համաձայն՝ ստուգման ընթացքում իրականացվել է նմուշառում, և նմուշը տրվել է փորձաքննության: Ստուգման ավարտից հետո ՍԱՊԾ-ն կհրապարակի փորձաքննության արդյունքները:
«Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» անվանումով ՍՊԸ ՍԱՊԾ-ում գրանցված չէ, և այս մասով հարուցվել է վարչական վարույթ», - ասված է հաղորդագրությունում:
Ծառայությունը տեղեկացնում է նաև, որ «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով արտադրված կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակների փաստով քրեական գործի նյութերի նախապատրաստման շրջանակներում ունեցել է մասնագիտական մասնակցություն՝ արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի և պահման պայմանների հետ կապված: